Netflix–ի և Pixar–ի ներկայացուցիչները՝ Հայաստանում․ Երևանում 17–րդ անգամ կմեկնարկի «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 19-25-ը Երևանում կանցկացվի 17-րդ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։
Փառատոնի մեկնարկին կցուցադրվի Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ փառատոնը համախմբող է.
«Այն համախմբում է ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլ նաև գործընկերների։ Կենտրոնանալով մի քանի կարևոր փառատոների վրա՝ մենք ավելի արդյունավետ ենք դարձնում Հայաստան-միջազգային ասպարեզ համատեղ աշխատանքը», - նշեց փոխնախարարն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին կարևորեց այն փաստը, որ փառատոնը համագործակցում է անիմացիոն ոլորտի համաշխարհային հսկաների՝ Pixar–ի, Netflix-ի հետ։
Քասունու խոսքով, պատկերապատման առումով հրատարակչությամբ են սկսել առաջ գնալ։
«Սկսել ենք զբաղվել միջազգային պատկերապատման գրքերի հրատարակությամբ», – նշեց Քասունին՝ կարևորելով միջազգային կապերի և համագործակցության ընդլայնումը։
Փառատոնի շրջանակում, հանդիսատեսին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` լի անիմացիոն ֆիլմերով, վարպետաց դասերով, բացառիկ նախագծերով ու ոլորտի միջազգային առաջատար մասնագետների հետ հանդիպումներով։
Ինչպես նշում են կազմակերպիչները, մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «ՄարԱնի» հարթակը՝ նախատեսված ոլորտի ներկայացուցիչների համար։ Դրա շրջանակում հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում միջազգային և տեղի առաջատար մասնագետները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով, կիրականացնեն պանելային քննարկումներ։
Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ «Arcane» սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։
Փառատոնի շրջանակում, ԹՈՒՄՈ Կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ կունենա MarAni ֆորումի շրջանակում, ինչպես նաև կունենա վարպետության դաս ԹՈՒՄՈ-ում։ Իսկ «Elio»-ն հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։
ReA-ի հատուկ հյուրերից է նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ կունենա MarAni ֆորումի ընթացքում։
Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը», հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայաստանյան հանդիսատեսին։ MarAni-ի շրջանակներում այս տարի ևս կանցկացվի CoReAct համարտադրության հարթակը։ Այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 11 նախագիծ։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները։ Հաղթողները կստանան դրամական պարգևներ։
Կազմակերպիչներն ընդգծում են, որ փառատոնն այս տարի հյուրաշատ է։
«Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում», – նշվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստան է ժամանելու նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը, որը ամենաանվանի հեղինակներից մեկն է Իններորդ արվեստի ժանրում։
Հոկտեմբերի 20-ին Բերբերյանը կանցկացնի աշխատարան, որտեղ մասնակիցները կծանոթանան նրա փորձին և ստեղծագործական աշխարհին։
Կազմակերպիչներն ընդգծում են, որ մյուս սպասված հյուրը իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն է, որը հոկտեմբերի 22-ին կանցկացնի աշխատարան։ Հայաստան կժամանի անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան, որը հոկտեմբերի 24-ին կանցկացնի վարպետության դաս Հայաստանի Կինոգործիչների միությունում
ReA Comics-ի Ազգային մրցույթին ներկայացված են կոմիքսների 15 նախագիծ, որոնց ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-26-ը ։ Ժյուրին կընտրի հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից։

