Իվետա Մուկուչյանը հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

04.05.2016, 15:34
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը հայկական պատվիրակության հետ միասին Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Իվետա Մուկուչյանը հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը հայկական պատվիրակության հետ միասին Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև կատարել «LoveWave» մրցութային երգը` դաշնամուրային նվագակցությամբ:

Իվետա Մուկուչյանն ընդգծել է, որ հանգամանքների բերումով գիտի, թե ինչ է նշանակում հայրենիքից հեռու ապրելը և թե ինչ է նշանակում հայրենիքի սահմաններից հեռու որևէ հայի տեսնելը և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ավելացնելով, որ Սփյուռքի հայ հայրենակիցների փոխանցած դրական էներգիան իր հետ բեմ է բարձրացնելու։

Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հիացմունքի խոսքն են հղել Իվետա Մուկուչյանին և պատրաստակամություն հայտնել յուրաքանչյուր հարցում սատարել հայկական պատվիրակությանը:
Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթը անցնում է Շվեդիայի մայրաքաղաքում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով:

Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա մայիսի 10–ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում և եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ։

Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները։
«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։–0–