ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ճարտարապետության գոհարը` Սուրբ Սարգիս (Հովհաննես) եկեղեցին, կվերականգնվի Մեղրիում, ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
Ուրբաթ Միլզը և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն, ԱՄՆ դեսպանի` Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրում Մեղրիում Սուրբ Սարգիս (Հովհաննես) եկեղեցու և դրա որմնանկարների պահպանման և վերականգնման համար:
«Իր նրբաոճ որմնանկարների շնորհիվ` եկեղեցին անգերազանցելի գանձ է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: ԱՄՆ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս այս և այլ մշակութային հուշարձանների պահպանմանը Հայաստանում, որը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ», - ասաց Միլզը:
Նրա խոսքով, Հիմնադրամի 10-րդ դրամաշնորհային ծրագրի բյուջեն կկազմի 450 հազար դոլար: Ընդհանուր առմամբ, 2001 թ.-ից սկսած, Հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 935 հազար դոլար:
«Նախագիծն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության հետ միասին: Նախորդ ամառ ես հնարավորություն եմ ունեցել այցելել եկեղեցին և տպավորված եմ նրա ճարտարապետության բացառիկությամբ և անկրկնելի որմնանկարներով», - ասաց Միլզը:
Նա նշեց, որ, բացի պատմամշակութային նշանակությունից, եկեղեցու վերականգնումը կնպաստի նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ինչն արդյունքում կնպաստի մարզերում տնտեսության զարգացմանը:
«Նախագիծը իրականացվում է «Իմ Հայաստան» քառամյա ծրագրի շրջանակում, որի նպատակն է, որ Հայաստանը աշխարհի քարտեզում հանրաճանաչ դառնա որպես զբոսաշրջության երկիր», - ասաց Միլզը:
«Իմ Հայաստան» ծրագիրը մեկնարկել է 2015 թ.-ին, նրա բյուջեն կազմում է 5 մլն դոլար: Այն ուղղված է ազգային մշակույթի պահպանմանը` երկրում զբոսաշրջության զարգացման միջոցով:
«Հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են Դաշտադեմ միջնադարյան ամրոցի, Արենի քարանձավի, Գառնիի միջնադարյան կամրջի և մի շարք այլ մշակութային օբյեկտների պահպանման և կոնսերվացիայի աշխատանքները», - ասաց Միլզը:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ Մեղրիում աշխատանքները կսկսվեն այս տարի և կտևեն երկուսուկես տարի:
«Աշխատանքներին կմասնակցեն լավագույն մասնագետները: Վերականգնված աշխատանքների արդյունքում մեզ կհաջողվի վերականգնել մի ամբողջ պատմական դարաշրջան Հայաստանի այնպիսի կարոևր պատմամշակութային կենտրոնում, ինչպիսին Մեղրին է», - ասաց Պողոսյանը:
Մեղրիի Փոքր Թաղի Սուրբ Սարգիս (Հովհաննես) եկեղեցին կառուցվել է XVII դարում: Այն հայ-պարսկական ճարտարապետության յուրօրինակ նմուշ է: Իր որմնանկարների ոճով և ճոխությամբ այն միակն է և անկրկնելին Կովկասում և Միջին Արևելքում: Ինչպես շինությունը, այնպես էլ որմնանկարները, ցավոք, անմխիթար վիճակում են: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում