ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը (World Federation of International Music Competitions, WFIMC):
Վեհաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի 15-18-ը, Հայաստան են ժամանել շուրջ 40 միջազգային մրցույթների, այդ թվում, Մոնրեալի միջազգային մրցույթի, Արթուր Ռուբենշթայնի անվան միջազգային երաժշտական մրցույթի, Ֆերենց Լիստի անվան դաշնամուրի միջազգային մրցույթի, Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի միջազգային մրցույթի տնօրենները, գեղարվեստական ղեկավարները և ներկայացուցիչները:
«Մենք առաջին անգամ ենք Երևանում, սակայն վաղուց ենք ծանոթ հայ երաժիշտների հետ, քանի որ նրանք միշտ մասնակցում են միջազգային մրցույթների: Մենք գիտենք, թե որքան տաղանդավոր են հայերը, քանի որ նրանք միշտ փայլուն են ներկայացնում Հայաստանը տարբեր մրցույթներին», - լրագրողներին ասաց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնորկը:
2016 թվականին ֆեդերացիայի անդամ է դարձել «Արամ Խաչատուրյանի անվան երաժշտական մրցույթը», որն անցկացվում է Հայաստանում 2003 թ.-ից:
«Արամ Խաչատուրյանի անվան մրցույթը միշտ լավ արդյունքներ է գրանցել, ուստի մենք ուրախությամբ ներգրավեցինք այն մեր ֆեդերացիայի կազմում: Մրցույթին յուրաքանչյուր տարի մասնակցում են տաղանդավոր, փորձառու երաժիշտներ: Կարծում եմ, որ սա հաղթանակ է հայ ժողովրդի համար», - հայտարարեց Շնորկը` ավելացնելով, որ Խաչատուրյանի անվան մրցույթը ֆենոմեն է:
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին բարձր գնահատեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային «Արամ Խաչատուրյանի անվան մրցույթի» անդամակցության փաստը:
«Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանը ներգրավվել է այդ մեծ երաժշտական ընտանիքի կազմում... Մեր երկիրը միակն է տարածաշրջանում, որը ներկայացված է ֆեդերացիայում` հաստատելով դասական կատարողական արվեստի բարձր մակարդակը», - ասաց նա:
Պողոսյանը նաև ավելացրեց, որ սա ևս մեկ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար, քանի որ այս տարածաշրջանը հաճախ ասոցացվում է պատերազմի հետ:
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովի գալա համերգը տեղի կունենա հունիսի 16-ին` WFIMC-ի դափնեկիրների մասնակցությամբ:
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիան հիմնադրվել է 1957 թ.-ին Ժնևում: Այն աշխարհի երաժշտական մրցույթները կառավարող մարմին է, որը ներկայացնում է 115 առաջատար երաժշտական մրցույթների շահերը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում