Disney–ի անիմատորներ, հոլիվուդյան պրոդյուսեր և աղմկահարույց պրեմիերաներ․ Երևանում կանցկացվի REA անիմացիոն փառատոնը (ՎԻԴԵՈ)

15.10.2024, 15:59
Հոկտեմբերի 20-26-ը Երևանում կանցկացվի REA (Reanimania) անիմացիոն ֆիլմերի XVI փառատոնը՝ «Կյանքը նկար է, կենդանացրու այն» կարգախոսով․ ՎԻԴԵՈ
Disney–ի անիմատորներ, հոլիվուդյան պրոդյուսեր և աղմկահարույց պրեմիերաներ․ Երևանում կանցկացվի REA անիմացիոն փառատոնը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 20-26-ը Երևանում կանցկացվի REA (Reanimania) անիմացիոն ֆիլմերի XVI փառատոնը՝ «Կյանքը նկար է, կենդանացրու այն» կարգախոսով։ 

«Փառատոնի ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է։ Հոկտեմբերի 21-24-ը անցկացվելիք «MarAni ծրագրի (Անիմացիայի շուկա) շրջանակում Հայաստան են այցելելու Disney-ի երկու անիմատորներ Քըրք Ուայզը («Գեղեցկուհին և հրեշը»), Աուրեն Բլեյզը («Առյուծ արքան»), ինչպես նաև հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Մաքս Հովարդը»,- ասաց փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին անիմացիոն տոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով, սպասվում է նաև Eurimages-ի և France TV-ի մասնագետների այցը։

«ReA Comics ծրագրի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 23-28-ը, կներկայացվեն փառատոնի մասնակիցների կոմիքսները, ինչպես նաև կներկայացվի ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանի և նրա կնոջ մասին պատմող գրքի հայերեն թարգմանությունը։ Հուսով ենք, որ ծրագրի արդյունքում կհրատարակվի կոմիքսների ​​գիրք»,- ասաց Քասունին։

Նա նշեց, որ փառատոնին մասնակցելու հայտ է ստացվել ընդհանուր առմամբ 45 երկրից, ներկայացվել է 500 ֆիլմ, որից ընտրվել է 300-ը։ Մրցութային ծրագրին մասնակցում է նաև 3 հայկական ֆիլմ։ Փառատոնի հաղթողները կպարգևատրվեն դրամական մրցանակներով։

«Երևանում սպասվում են աղմկահարույց պրեմիերաներ»,- խոստացավ Քասունին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դեյվիդ Տուրսն իր հերթին նշեց, որ փառատոնը հայ մուլտիպլիկատորներին հնարավորություն է ընձեռում հաստատել միջազգային հաղորդակցություններ և համատեղ արտադրություններ։ Նա նաև նշեց, որ այսօր Հայաստանում անիմացիան բարձր մակարդակի վրա է։

«Ֆրանսիական ծրագրի շրջանակում Երևանում տեղի կունենա Կաննի կինոփառատոնին ներկայացված երկու ֆիլմերի պրեմիերաները՝ «Ամենածանր բեռը» և «Հոսք», - ասաց Տուրսը։

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ «Հոսք» ֆիլմի ցուցադրությամբ։