Երևանում կանցնկացվի «Գութան» ազգագրական երգ ու պարի երկրորդ փառատոնը

17.09.2015, 19:37
Երևանում սեպտեմբերի 28–ին տեղի կունենա «Գութան» ազգագրական երգ ու պարի փառատոնը։ Միջոցառումն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր, «Մրրո» ազգագրական երգի կենտրոնի նախագահ Արսեն Գրիգորյանը։
Երևանում կանցնկացվի «Գութան» ազգագրական երգ ու պարի երկրորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում սեպտեմբերի 28–ին տեղի կունենա «Գութան» ազգագրական երգ ու պարի փառատոնը։ Միջոցառումն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր, «Մրրո» ազգագրական երգի կենտրոնի նախագահ Արսեն Գրիգորյանը։

«Թեև «Գութանը» «երիտասարդ» փառատոն է, այն մեծ ճանաչում ունի։ Փառատոնի նպատակն է տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը, հանրաճանաչ դարձնել դրանք երիտասարդ սերնդի շրջանում», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` «Գութան» փառատոնին կմասնակցեն Հայաստանի լավագուն ազգագրական համույթները` «Ակունք», «Մարաթուկ», «Սասուն», «Վան», «Սասնա ծռեր», «Մենք ենք, մեր սարերը» (Արցախ), «Նուբար», «Տարոնցիներ», «Վերադարձ», «Գոհանի», որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր շրջանը։

«Կարին» երգ ու պարի ազգագրական համույթի ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ իր գլխավորած համույթը կմասնակցի փառատոնին երկրորդ անգամ։ «Երգն ու պարը կներկայացվի էթնիկ տարբերակով` առանց ժամանակակից գործիքավորման, դուդուկի, դհոլի, զուռնայի, շվիի նվագակցությամբ», – ասաց Գինոսյանը։

«Գութան» փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 28–ին Կասկադ ճարտարապետական համալիրում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ –0–