ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը մրցանակի է արժանացել Վարշավայում պատմական և ռազմական կինոյի վեցերորդ միջազգային կինոփառատոնում, հայտնել է Facebook–ի իր էջում Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը։
«Թևանիկ» ժապավենը, որը նվիրված է արցախյան պատերազմին, փառատոնի կազմակերպիչների` Ռազմական գիտությունների ասոցիացիայի կողմից մրցանակի է արժանացել», – ասել է Ղազարյանը։
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի աշնանը Երևանում։ Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմը բաղկացած է երեք մասից։ Առաջին մասում պատմվում է ներդաշնակ ընտանիքի մասին, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով ամուսինները ստիպված են բաժանվել, և նրանց փոքրիկ որդու` Արամի վրա իրավիճակն ազդում է ողջ ուժգնությամբ, փոքրիկի մանկությունը կործանվում է մեկ ակնթարթում։
Նոր կերպարին` Աստղիկին ներկայացնող երկրորդ մասը կարծես ֆիլմին կանացիություն է հաղորդում։ Աստղիկը կորցնում է հարազատներին, և դրա հետ մեկտեղ` սերն ու հավատը դեպի կատարյալը... Ժապավենի երրորդ մասը նվիրված է Թևանիկին` 14-ամյա պատանուն, ով դառնում է ռազմական գործողությունների մասնակից։ Իր` նույնիսկ պատերազմի պայմաններում գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու անկարողության պատճառով, նրա կյանքը փոխվում է վայրկյանների ընթացքում։ -0-