ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուր, համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ Նաստասյա Կինսկին չորեքշաբթի մամուլի ասուլիսում պատմեց, որ իրեն շատ դուր է եկել Հայաստանը։
Նա հիացած է Երևանի և նրա բնակիչների հյուրընկալությամբ, պատմեց, որ Հայաստան ժամանելուց հետո երևանցի կինեմատոգրաֆիստ ընկերներն իրին մի զամբյուղ ծիրան են նվիրել։
«Երևանը շատ հյուրընկալ է, իսկ նրա բնակիչները բաց են և հաճելի շփման մեջ»,– ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսում։
Կինսկին ավելացրեց նաև, որ իրեն շատ են դուր գալիս հայկական ժողովրդական երգերը, որոնցից մի քանիսը նրան հաջողվել է լսել Երևանում։
Վերադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի թեմային` Կինսկին գոհունակությամբ նշել է դրա բարձր միջազգային մակարդակը, ինչպես նաև այն, որ փառատոնի ծրագրում ընդգրկված են ամենատարբեր երկրների ֆիլմեր։
Ապագայի իր ծրագրերի համատեքստում համաշխարհային կինեմատոգրաֆի աստղը հայտնեց, որ անցել է մեծ մարզիկների մասին վավերագրական ֆիլմաշարի ստեղծմանը` նշելով, որ նրանք սեփական օրինակով սովորեցնում են անդադար աշխատել` դժվարությունները հաղթահարելու հարցում համառության և երազանքին հասնելու համար։
Ասուլիսին ներկա, «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանը Կինսկուն առաջարկեց համագործակցել կինոարվեստի` նրա համար նոր այդ ուղղության մեջ։
Դերասանուհին չի բացառել նաև իր դեբյուտը` որպես խաղարկային կինոռեժիսոր։
«Բոլորին խաղաղություն և սեր. դա ամենագլխավորն է», - նման մաղթանքով Նաստասյա Կինսկին ավարտեց իր մամուլի ասուլիսը։
«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։
Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակի: