ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ««Մոսկվիչ». իմ սեր» ֆիլմը պատմում է մի ողջ սերնդի ողբերգության մասին, «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆիլմի ցուցադրությունից հետո լրագրողներին ասաց ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը։
««Մոսկվիչ». իմ սեր» ֆիլմը հիմնված է գրեթե իրական իրադարձությունների վրա, քանի որ սյուժեի հիմքում ընկած է ոմն Վլադիմիր Շիրինյանի օրագիրը։
Ֆիլմի գլխավոր հերոս Հմայակ Հովհաննիսյանը (Մարտուն Ղևոնդյան), ով ԽՍՀՄ–ի փլուզումից հետո կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան, ապրում է Հայաստանի լեռներում կորած մի գյուղում։ Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին։ Համոն թաքուն երազանք ունի. ձեռք բերել «Մոսկվիչ–408» մակնիշի ավտոմեքենա, ինչի համար նա տարեց հասակում կատարում է տարբեր աշխատանքներ` անհրաժեշտ գումարը հավաքելու համար, օրագրում ամեն օր գրում է, թե որքան է հաջողվել հավաքել և դեռ որքան է մնացել բաղձալի ավտոմեքենան գնելու համար։
«Սա կորուսյալ սերնդի պատմություն է, որն այդպես էլ չկարողացավ գտնել իր տեղը նոր համակարգում ԽՍՀՄ–ի փլուզումից հետո։ Անշուշտ, ««Մոսկվիչ». իմ սեր» ֆիլմը դրամա է, որտեղ կա նաև հումոր», – նշեց Շահբազյանը։
Ռեժիսորի խոսքով` ֆիլմը նկարահանվել է բավականին երկար` 2007–2014 թթ.–ին։ «Նկարահանումների գործընթացը տևել է 6 ամիս։ Մենք ամեն ինչ նկարահանել ենք 2012 թ.–ին», – նշեց ռեժիսորը։ Ֆիլմի վրա աշխատում էին տարբեր ազգության կինեմատոգրաֆիստներ` հայեր, ֆրանսիացիներ և ռուսներ։
Արամ Շահբազյանի խոսքով` ««Մոսկվիչ». իմ սեր» ֆիլմը ներկայացվել է այս տարվա հունիսին Մոսկվայի 37–րդ միջազգային կինոփառատոնի «Ռուսական հետք» ծրագրում։
«Օգոստոսին ես կմեկնեմ Սախալին։ Այնտեղ իմ ֆիլմը կներկայացվի խոշոր միջազգային կինոփառատոնի շրջանակում», – նշեց ռեժիսորը։
«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։
Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ –0–