ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնը կմեկնարկի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի (Robert Guédiguian) «Մի ասեք, թե տղան խելագար էր» (բնօրինակ անվանումը` Une histoire de fou) ֆիլմի ցուցադրությամբ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Գեդիկյանի ֆիլմը ցուցադրվել էր 2015 թ.–ին Կաննի կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություներ» ծրագրի շրջանակում։
Ֆիլմը պատմում է Արամ անունով երիտասարդի մասին, ով 80–ականներին Մարսելում պայթեցնում է Փարիզում Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան։ Պատահական անցորդ, երիտասարդ հեծանվորդ Ժիլ Տեսզիրը լուրջ վնասվածքներ է ստանում։
Արամը Մարսելից փախնում է Բեյրութ և միանում Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակին` ԱՍԱԼԱ–ին։ Երիտասարդ հեծանվորդը որոշում է գտնել նրան, ում մեղքով լուրջ վնասվածքներ է ստացել։ Նա մեկնում է Բեյրութ` Արամի հետքերով։
«Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնը կանցնի Երևանում այս տարվա հուլիսի 12–19–ը։
«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոններից է։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-