«Երևանյան հեռանկարներ» փառատոնը կարևոր առաքելություն է իրականացնում. Ռոստոմյան

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Երևանյան հեռանկարներ» փառատոնը շատ կարևոր առաքելություն է իրականացնում «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակում, որն ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, հինգշաբթի լրագրողներին ասաց փառատոնի հիմնադիր և նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։
«Քեզ հետ, Հայաստան» համերգաշարն անցկացվում է ամենահայտնի համաշխարհային հարթակներում` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ
Ռոստոմյանը նշեց, որ սա աննախադեպ նախագիծ է, քանի որ շատ բարդ և ռիսկային գործ է համաշխարհային բեմեր նվաճելը և համաշխարհային աստղերի, կատարողների և նվագախմբերի հետ ելույթ ունենալը։
«Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակում արդեն կայացել է չորս համերգ Երուսաղեմում, Թալինում, Բրյուսելում։ Իսկ մայիսին Նյու Յորքի Քարնեգի–Հոլում կայացել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործության պրեմիերան` նվիրված Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին, որը բացառիկ հաջողություն է ունեցել։ Համերգին ներկա է եղել New York Times–ի գլխավոր երաժշտական քննադատը։ Համերգին մասնակցել են աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը և հայկական «Հովեր» երգչախումբը։ Բացի այդ, ԶԼՄ–ներում հիանալի գնահատականներ են ստացել Թալինում և Բրյուսելում կայացած համերգները։
Երուսաղեմում կայացած առաջին համերգին հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։ Թալինում էստոնական երգչախումբը երգել է հայկական ստեղծագործություններ, Բրյուսելում տեղի ունեցած երրորդ համերգը նույնպես արժանացել է հանդիսատեսի դրական գնահատականին։ Ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած համերգին մասնակցել են Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովր, իսկ Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է հայազգի մեծանուն դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:
«Երբ դուք հայտնվում եք հայտնի համաշխարհային բեմերին, դա արդեն քաղաքականություն է, մշակութային քաղաքականություն։ Մենք մեր սպասումները գերազանցող արդյունքներ ենք ստացել։ Դա ոչ միայն իմ հաղթանակն է, այլ նաև մեր ժողովրդի արժանի հաղթանակը»,– ասաց նա։
Հաջորդ համերգը կկայանա Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը ներկայում համարվում է աշխարհում ամենահայտնի նվագախմբերից մեկը։ Նվագախմբի հետ կնվագի երիտասարդ տաղանդավոր հայ ջութակահարուհի Դիանա Ադամյանը։
«Դա ևս մեկն է այն մեծ հնարավորություններից, որոնք «Երևանյան հեռանկարներ» փառատոնը բացում է երիտասարդ հայ կատարողների առաջ»,– նշեց Ռոստոմյանը։
Կոմպոզիտորի խոսքով` աննկարագրելի համերգ է սպասվում Հռոմում «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, իսկ վերջին համերգը կկայանա Վիեննայում` Ոսկե դահլիճում, որտեղ Մոցարտի ռեքվիեմը կկատարեն չորս հայ երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–