ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլը ռեկորդ է սահմանել Twitter–ում. միկրոբլոգների ծառայության օգտատերերը շուրջ 6 միլիոն «թվիթ» են գրել, ինչը մեկ միլիոնով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Twitter–ի ռուսաստանյան ծառայությունը։
«Եվրատեսիլ 2015»–ի եզրափակիչ փուլն անցկացվել է շաբաթ օրը Վիեննայում։ Առաջին տեղը զբաղեցրել է շվեդ Մոնս Սելմերլյովը (365 միավոր), երկրորդ տեղում է ռուսաստանցի Պոլինա Գագարինան (303 միավոր), երրորդ տեղում` իտալական Il Volo խումբը (292 միավոր)։
«Twitter–ի օգտատերերը 6 մլն գրառում են կատարել «Եվրատեսիլ 2015»–ի եզրափակիչ փուլի ժամանակ (#Eurovision, @Eurovision), ինչը մեկ միլիոնով շատ է, քան նախորդ տարի»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Եզրափակիչ փուլի հեռարձակման ժամանակ գրառումների մեծ մասը նվիրված են եղել Շվեդիային, Իտալիային և Ռուսաստանին։ Twitter–ում առավելագույն ակտիվություն է գրանցվել Նինա Սուբլատիի (Վրաստան), Էդուրնեի (Իսպանիա) և Գայ Սեբաստիանի (Ավստրալիա) ելույթների ժամանակ։–0–