ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնում տեղի կունենա երեկո, որը նվիրված է հայտնի արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի 80–ամյակին։
«Երեկոյին ելույթ կունենա Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Երևանի պետական կրկեսի և էստրադայի արտիստները։ Հետաքրքիր ծրագրի ընթացքում կներկայացվեն մանրապատումներ, կհնչեն երգեր այն ֆիլմերից, որտեղ նկարահանվել է Ենգիբարյանը, իսկ մարդիկ, ովքեր հիշում են վարպետին և աշխատել են նրա հետ, կկիսվեն իրենց հիշողություններով», – հաղորդում է Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։
Երեկոն կազմակերպել են Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։ Տեսանյութերի հեղինակն ու երեկոյի վարողն է հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը։ Միջոցառումը կսկսվի ժամը 19։00–ին։ Մուտքն ազատ է։
Երեկոն կազմակերպվել է Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ։
Լեոնիդ Ենգիբարյանը (1935-1972), ով հանդես է եկել «տխուր ծաղրածու» ամպլուայով, կրկեսի պատմության մեջ ներառվել է որպես մնջախաղի փիլիսոփայության վառ ներկայացուցիչ։
Արտիստի առանձնահատուկ անձն ու ստեղծագործական ուղին ոգեշնչման աղբյուր են դարձել բազմաթիվ մարդկանց համար, ովքեր իրենց ստեղծագործությունները նվիրել են Ենգիբարյանին։
Ենգիբարյանը հայտնի է նաև որպես նովելների և երկերի հեղինակ։ Իր ելույթներում նա լայնորեն օգտագործել է մնջախաղի, ակրոբատիկայի, լարախաղացության և աճպարարության հնարները։ –0–