ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Լեգենդար System of a Down խմբի` Wake Up the Souls շրջագայության շրջանակում կազմակերպած համերգն է սկսվել Երևանում։
Խմբի տասնյակ հազարավոր երկրպագուներ հավաքվել են Հանրապետության հրապարակում։ Նրանց չի վախեցնում նույնիսկ տեղատարափ անձրևը։
Երկրպագուներն իրենց կուռքերին դիմավորել են ցնծությամբ և «Բարի գալուստ Հայրենիք» պաստառներով։
Խմբի շրջագայության առաջնային նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար հետևողական պայքարն է։ System of a Down–ը բավականին անսովոր երաժշտություն է ներկայացնում, և հենց այն` «կենդանի» կատարած երաժշտությունը, ուղերձ կդառնա այն երկրների համար, որոնք մինչ օրս անհայտ պատճառներով այդպես էլ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
Հինգշաբթի օրվա անվճար համերգը Երևանում հավաքեց ԱՄՆ–ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած երկրպագուների։-0-