ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 20-ին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն - խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը՝ հենվելով խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա:
Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005թ.-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:
Ցուցահանդեսի շրջանակում խոսուն լուսանկարներով կներկայացվեն նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկներ:-0-