ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված և ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարոյի (Մուրադ Ամիրխանյանը) կազմակերպած համերգ կանցկացվի Փարիզում ապրիլի 25–ին ։ Այդ մասին երգիչը հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
«Առաջին անգամ Փարիզի «Գավո» հեղինակավոր դահլիճում կհնչի հայերեն լեզվով երաժշտություն ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ։ Համերգը կանցկացվի «100 համերգ Հայաստանի համար» միջոցառման շրջանակում»,– ասաց Բարոն։
Ըստ նրա, համերգի ծրագրում ընդգրկվել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Մոցարտի, Վերդիի, Բելինիի ստեղծագործություններ Ֆանի Կրուե, Ջուլիա Կնեկտի, Հիլդեգարդ Ֆեզնոյի, Իրիս Թորոսյանի և ուրիշների կատարմամբ։ Ասմունքողները կընթերցեն Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» հայերեն և ֆրանսերեն լեզուներով։
«Եթե ես կարող եմ կատարել Մասնեի ստեղծագործությունները ֆրանսերեն լեզվով, ինչու՞ ֆրանսիացիները չեն կարող կատարել «Կռունկ» կամ «Գարուն» երգերը հայերեն կամ կատարել հայ կոմպոզիտերների ստեղծագործությունները»,– ասաց Բարոն։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—