Կոնստանտին Ռայկինի «Սեփական ձայնով» մոնոներկայացումը տեղի կունենա Երևանում ապրիլի 7-ին
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս հայտնի դերասան, ռեժիսոր, Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի «Սեփական ձայնով» մոնոներկայացում-համերգը տեղի կունենա Երևանում ապրիլի 7-ին։
««Սեփական ձայնովը» «Սատիրիկոն» թատրոնի երկացանկի ներկայացումն է։ Դա իմ կյանքի ներկայացումն է։ Ես այն խաղում եմ, երևի, արդեն մոտ 40 տարի, թեև այն նաև ձևափոխվում է ինձ հետ միասին։ Ես այս ներկայացումով շրջել եմ ողջ աշխարհում», - ասաց Ռայկինը երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ այս ներկայացումը կարող է խաղալ տասներկու ժամ։ Այնտեղ շատ բանաստեղծություններ կան, կան և ուրախ, և տխուր պահեր։
«Սեփական ձայնով» մենաներկայացման մեջ հայտնի դերասանը հիշում է իր ստեղծագործական ուղու սկիզբը, մասնագիտություն ընտրելիս ունեցած կասկածները, Շչուկինի անվան թատերական ուսումնարան ընդունվելը և անսպասելիորեն դերասանի ճակատագրի անկրկնելիությունը գիտակցելը։ Նա շատ է պատմում հոր մասին, հիշում է Արկադի Ռայկինի նկատմամբ հանդիսատեսի այն աներևակայելի սերը, որը դերասանին շրջապատում էր միշտ, ամենուր, որտեղ նա ելույթ էր ունենում։ Ներկայացման մեջ հնչում են Դավիթ Սամոյլովի, Նիկոլայ Զաբոլոցկու, Նիկոլայ Ռուբցովի, Օսիպ Մանդելշտամի, Լոպե դե Վեգայի, Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունները։
Ռայկինը խոստովանեց, որ չնայած շատ խիտ աշխատանքային ժամանակացույցին, իրեն հաջողվեց գալ Երևան Ռուսաստանի մշակույթի նախարարության առաջարկությամբ` իր այցը Հայաստան անվանելով կարևոր։ --0--