Orange հիմնադրամի աջակցությամբ Փարիզում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ ստեղծված «Armenian World Orchestra» խմբի համերգը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Orange հիմնադրամի աջակցությամբ Փարիզում ապրիլի 21–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նվիրված համերգ տեղի կունենա, հինգշաբթի լրագրողներին ասաց Orange Armenia–ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Նրա խոսքերով` երաժշտական երեկոյի ընթացքում ելույթ կունենա այդ համերգին մասնակցելու համար հատուկ ստեղծված «Armenian World Orchestra» համույթը, որի կազմում կներառվեն 50 լավագույն հայ երաժիշտները։
«Համերգին կմասնակցեն Գյուլբենկյանի երգչախումբը, երգչուհիներ Հասմիկ Պապյանը (սոպրանո), Նորա Գուբիշը (մեցո–սոպրանո), երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Տիգրան Մարտիրոսյանն ու տարբեր երկրներից այլ երաժիշտներ», – նշեց Orange–ի տնօրենը։
Ժելիբտերի խոսքերով` Փարիզի համերգը կանցնի Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո` Շատլե թատրոնի համերգասրահում։
Նա նաև պարզաբանեց, որ համերգն ապրիլի 21–ին կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության արբանյակային ալիքի ուղիղ եթերում Ռուսաստանում և Եվրոպայում, իսկ Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան դիտել համերգի կրկնությունը ապրիլի 24–ին։
«Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան դիտել համերգը առցանց ռեժիմով Orange Armenia ընկերության կայքում», – ավելացրեց Ժելիբտերը։
Նրա խոսքերով` համերգի կազմակերպիչն է Հայ բարեգործական ընդհանուր միությունը (AGBU)։ Միջոցառումը կանցկացվի Orange հիմնադրամի աջակցությամբ, որը կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել միջազգային հեռարձակման հարցերում։
Armenian World Orchestra–ի գեղարվեստական ղեկավարն աշխարհահռչակ դիրիժոր Ալեն Ալթինօղլուն է։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–