ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ռուսական կապիտալով գործող «ՄԿՌ մեդիա–Հայաստան» ընկերությունների խումբը սկսել է իր աշխատանքը Երևանում։
Ինչպես ուրբաթ նոր հոլդինգի շնորհանդեսի ընթացքում նշեց «ՄԿՌ մեդիա–Հայաստան»–ի ակտիվների կառավարիչ Տիգրան Հակոբյանը, խումբը միավորում է «21 TV» ընկերությունը, «Արձագանք FM 103.5» ռադիոկայանը, «Դոմինանտ Փրոդաքշն» արտադրական ընկերությունն ու հարակից մեդիահարթակները (կայքեր, սոցցանցերի էջեր)։
Նրա խոսքով` հոլդինգի հիմնական ներդրողները երկու բաժնետերերն են, հայկական կողմից` Աղաբաբյանների ընտանիքը, ռուսական կողմից` «ՄԿՌ մեդիան» (Զարգացման միջպետական կորպորացիա), որը Սիբիրի տարածաշրջանում ամենախոշոր և ազդեցիկ ԶԼՄ–ներից մեկն է։ Կորպորացիայի կազմում ներառված են տարբեր մեդիահարթակներ, այդ թվում` հեռուստաալիքներ և ռադիոընկերություններ։
«Սա նման ձևաչափով համագործակցելու առաջին փորձն է, երբ ռուսական և հայկական կողմերն իրենց առջև չեն դնում ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ կոմերցիոն նպատակներ, այլ շեշտադրում են Հայաստանում և Ռուսաստանում մշակույթի և արվեստի տարածումը», – ասաց Հակոբյանը։
Նա նաև նշեց, որ հոլդինգը բավականին հավակնոտ ծրագրեր ունի Հայաստանում` ուղղված երաժշտական և ժամանցային ոլորտներին։
«ՄԿՌ մեդիա»–ի գլխավոր տնօրեն Պավել Պաուտովն իր հերթին նշեց, որ նոր ընկերության շնորհանդեսը Ռուսաստանի և Հայաստանի մարդասիրական համագործակցության լավ օրինակ է, որը կծառայի ստեղծագործության զարգացմանը, բարգավաճմանն ու համատեղ բարեկեցությանը։
«Հայաստանում աշխատանքի փորձը մեզ համար առաջինն է և ամենահաջողվածը Եվրասիական տարածքում։ Մենք առաջին հերթին դուրս ենք եկել հայկական շուկա, քանի որ մեր պատկերացմամբ` փոխըմբռնման, մշակույթների փոխներթափանցման տեսակետից Հայաստանն ամենահարմար տարածքն է, որը նաև հոգեհարազատ է մեզ։ Մենք այստեղ շատ լավ ենք աշխատում, և կարծում եմ, որ այս նախագիծը, որպես բիզնես և որպես բարեկամություն կշարունակվի հանուն փոխըմբռնման և մշակույթների փոխներթափանցման», – ասաց Պաուտովը։
Նա նշեց, որ հոլդինգ ստեղծելն առաջին քայլն է համագործակցության ճանապարհին, և արդեն 2015թ.–ի ընթացքում նախատեսվում է իրականացնել նոր մշակութային նախագծեր։
«ՄԿՌ–Մեդիա»–ն միջպետական ընկերություն է, որն ակտիվներ ունի Սիբիրի դաշնային օկրուգի տասը սուբյեկտում և Հայաստանում։ Մեդիահոլդինգը ծրագրում է միջտարածաշրջանային և միջպետական հեռուստատեսության և ռադիոյի հայեցակարգ իրականացնել ։
«21 TV» հեռուստաալիքը Հայաստանում գործող ամենահին և միակ երաժշտական ալիքն է, որը միավորում է լավ երաժշտության և բարձր նորաձևության երկրպագուներին, առողջ ապրելակերպի և դրական տրամադրության կրողներին։
«Արձագանք FM 103.5» ռադիոն Հայաստանի առաջին ոչ պետական ռադիոկայաններից է, որն այսօր հանդես է գալիս քաղաքային ռադիոյի ձևաչափում` հեռարձակելով բոլոր ժողովուրդների և ժամանակների լավագույն հիթերը, ապահովում համերգների և ակումբային երեկույթների ուղիղ հեռարձակում։
«Դոմինանտ Փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2014թ.–ի սկզբում և մեդիաշուկայում պահանջարկ ունեցող ծառայություններ է մատուցում` որակյալ նկարահանումներ, հեռուստատեսային հաղորդումներ, գրաֆիկական դիզայն, վարձով տրամադրում է վիրտուալ ստուդիաներով տաղավարներ, տեխնիկա։ Ընկերությունը հեռուստատեսային ձևաչափեր է պատրաստում Ռուսաստանի և Չինաստանի գործընկերների, ինչպես նաև «21 TV» հեռուստաալիքի համար։–0–