ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Այլևս երբեք» ծրագրի շրջանակում ողջ աշխարհում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության մասին պատմող լավագույն վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը, ուրբաթ լրագրողներին ասաց ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը։
««Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ու Հայաստանի մշակույթի նախարարությունը մի շարք երկրներում թեմատիկ ֆիլմերի ցուցադրություն են կազմակերպում, որը կրում է «Այլևս երբեք» խորագիրը»,–ասաց Մովսիսյանը։
Նրա խոսքով` ցուցադրությունների համար ընտրվել են ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական ու վավերագրական լավագույն ֆիլմերը։ «Յուրաքանչյուր երկրի համար առանձին ծրագիր կկազմվի` հաշվի առնելով քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները»,– նշեց Մովսիսյանը։
Նա ավելացրեց, որ ֆիլմերը կցուցադրվեն նաև մասնագետներին, կինոքննադատներին և պատմաբաններին։ «Մեր նպատակային լսարանն են հանդիսանում նաև բուհերն ու ուսանողները»,– նշեց Մովսիսյանը։
Նա հայտնեց, որ ծրագիրը մեկնարկել է փետրվարի 24-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ «Անիվ» հայագիտական հետազոտությունների կազմակերպության աջակցության շնորհիվ Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողների համար փետրվարի 24-ին կազմակերպվել է Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի ցուցադրությունը։
«Այդ ֆիլմը ցուցադրվել է նաև փետրվարի 25-ին Մինսկի «Միր» կինոթատրոնում, որտեղ կայացել է «Այլևս երբեք» ծրագրի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա է եղել ֆիլմի ռեժիսորը»,– նշեց Մովսիսյանը։
Նրա խոսքով` չորս օր շարունակ Մինսկի կինոթատրոններում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք ֆիլմեր, որոնց թվում` Ատոմ Էգոյանի «Արարատ» և Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերը, «Սերժ Ավետիքյանի «Շների կղզին», Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմերը։
«Մարտի 7-ին ծրագիրը մեկնարկել է նաև Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Մաքսիմ Գորկու անվան թատրոնում»,– ավելացրեց Մովսիսյանը։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն էլ ավելացրեց, որ պատրաստել են 25 ֆիլմից բաղկացած մի ցուցակ, որոնց համար ենթագրեր են գրվել, ինչպես նաև դրանք թվայնացվել են։ Այդ ցուցակում է ընդգրկվել նաև Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմը։
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ցուցադրվել են Ֆաթիհ Աքինի «Սպի» և Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերը, ինչպես նաև ներկայացվել է կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը»,– նշեց Մովսիսյանը։
Մինչ Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» փառատոնը, կինոցուցադրություններ կկազմակերպվեն նաև Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Շվեյցարիայում։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կազմակերպվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին:
Այս տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հանրաճանաչ դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ --0--