ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել «Հայկական մշակութային աշխարհ» աշխատանքային անվանումով ցուցահանդեսը, հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Ցուցահանդեսում կներկայացվեն նաև ցուցանմուշներ, որոնք ներառված են Վասպուրականի մշակույթի մասին պատմող «Հայաստանի կորած գանձեր» կատալոգում։ Ցուցահանդեսը մայիս–հունիսին կանցկացվի Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, իսկ հետո` Երևանում», –Ռուսաստանի ազգագրական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանի հետ ցուցահանդեսի անցկացման մանրամասները քննարկելու ընթացքում ասաց նախարարը։
Գրուսմանի խոսքով` ցուցահանդեսին կներկայացվեն ոչ միայն «Հայաստանի կորած գանձերը» աշխատանքային անվանումով կատալոգի ցուցանմուշները, այլ նաև ուրիշ նյութեր։
«Հայաստանի կորած գանձերը» աշխատանքային անվանումով կատալոգը նախատեսվում է հրատարակել Հայաստանում ապրիլի 1–ին։ Կատալոգն ունի երեք բաժին` պատմական, նկարագրական և կատալոգային–քարտային։ Կատալոգում կընդգրկվի մեծ գիտական հոդված, ինչպես նաև` 232 առարկաների նկարագրություն, որոնք ներկայացնում են Վասպուրականի հին գյուղական համայնքների մշակույթը։
Գրուսմանը չբացառեց, որ այդ ցուցահանդեսը կարող է անցկացվել նաև եվրոպական երկրներում` ցուցանմուշների վերադարձման մասին 100 տոկոսանոց պետական երաշխավորության, ապահովագրության, թանգարանի աշխատակիցների մասնակցության և ծախսերը հոգալու դեպքում։–0–