«Լորկիանա» և «Կարմեն–Սյուիտ» բալետային ներկայացումները կրկին կբեմադրվեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

04.03.2015, 14:53
«Լորկիանա» և «Կարմեն–Սյուիտ» բալետային ներկայացումները կրկին կբեմադրվեն Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, հայտարարեց թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը։
«Լորկիանա» և «Կարմեն–Սյուիտ» բալետային ներկայացումները կրկին կբեմադրվեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Լորկիանա» և «Կարմեն–Սյուիտ» բալետային ներկայացումները կրկին կբեմադրվեն Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, հայտարարեց թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը։

««Լորկիանա» և «Կարմեն–Սյուիտ» ներկայացումները հետաքրքիր են իրենց երաժշտությամբ, դրանք ծանոթ են և սիրված ողջ աշխարհում, շատ ժամանակակից են և հետաքրքիր։ Այդ պատճառով որոշեցի վերականգնել դրանց բեմադրությունը։ Բացի այդ, դրանք իսպանական ներկայացումներ են, իսկ իսպանական պարերը միշտ հետաքրքիր են։ Նման ներկայացումներ պետք է լինեն մեր խաղացանկում», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Գալստյանը։

«Լորկիանա» և «Կարմեն–Սյուիտ» բալետային ներկայացումները կբեմադրվեն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մարտի 5–ին, 9–ին և 21–ին։

Գալստյանի խոսքերով` «Կարմեն–Սյուիտ» բալետի բեմադրությունը ժամանակակից է` դասական տարրերի պահպանմամբ։

««Լորկիանա» ներկայացման կոստյումներն ու դեկորացիաները ստեղծվել են հատուկ վերականգնված ներկայացման համար։ Օպերայի և բալետի թատրոնն այսօր հագեցած է տեխնիկայով, որը մեծ հնարավորություններ է տալիս», – ասաց նա։

Գլխավոր բալետմայստերը նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ մտադիր է իրականացնել «Ժիզել» բալետի դասական բեմադրությունը և կփորձի սկսել «Դիմակահանդես» բալետի աշխատանքը։

«Կարմեն–Սյուիտը» բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյի մեկ գործողությամբ բալետն է, որը բեմադրվել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի հիման վրա։ Այն վերագործիքավորվել է կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի կողմից։ Պրոսպեր Մերիմեի նովելի մոտիվների հիման վրա բալետի լիբրետոն գրել է Ալբերտո Ալոնսոն։

«Լորկիանա» բալետը հիմնված է իսպանական ժողովրդական երաժշտության վրա, այն ստեղծվել է Գարսիա Լորկայի հանճարեղ պոեզիայի ազդեցությամբ։ Լիբրետտոյի հեղինակը և բեմադրիչը Հայաստանի և Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանն է։–0–