ՀՀ մշակույթի նախարարությունը «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների հետ քննարկել է նյույորքյան ցուցահանդեսի մանրամասները

02.03.2015, 14:07
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երկուշաբթի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների հետ քննարկել է 2017 թ.–ին թանգարանում նախատեսված ցուցահանդեսի հայեցակարգը, ինչպես նաև ցուցանմուշների ցանկը։
ՀՀ մշակույթի նախարարությունը «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների հետ քննարկել է նյույորքյան ցուցահանդեսի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երկուշաբթի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների հետ քննարկել է 2017 թ.–ին թանգարանում նախատեսված ցուցահանդեսի հայեցակարգը, ինչպես նաև ցուցանմուշների ցանկը։

««Մետրոպոլիտեն» թանգարանի հեղինակությունը բարձր է ողջ աշխարհում։ Հարուստ պատմություն ունեցող հայ ժողովրդի համար հատկապես կարևոր է համագործակցել այս թանգարանի հետ, քանի որ մենք ներկայացնում ենք հայկական արվեստը հանրաճանաչ դարձնելու թանգարանի հնարավորությունները», – ասել է Պողոսյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում։

Նշելով, որ ցուցահանդեսի հայեցակարգն արժանացել է հավանության` նախարարը հատկանշական է համարել այն փաստը, որ Հայաստանի մշակույթը ներկայացված է համաշխարհային մշակույթի համատեքստում։ Նա վստահեցրել է հյուրերին այն հարցում, որ կգործադրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը նախագիծն իրականացնելու համար։

«Մենք շահագրգռված ենք հայկական մշակույթը տարբեր ձևաչափերում ներկայացնելու հարցում, քանի որ պատմության յուրաքանչյուր ժամանակահատված հատուկ նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է միջնադարյան շրջանին, ապա այն միանշանակ հայկական մշակույթի ոսկե ժամանակահատվածն է», – ասել է Պողոսյանը։

«Մետրոպոլիտեն» թանգարանի վանքերի և միջնադարյան արվեստի վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն  Էվանսն իր հերթին նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպման նպատակն է հնարավորինս մեծ թվով մարդկանց հնարավորություն ընձեռել ծանոթանալու հայկական մշակույթին և արվեստին։

«Մեր առաջնահերթությունն է արժանի կերպով ներկայացնել Հայաստանի արվեստը, ներկայացնել լավագույն նմուշները։ Խոսքը Նյուր Յորքում Հայաստանից բերված մի քանի տասնյակ ցուցանմուշների ցուցադրման մասին է», – ասել է Էվանսը։

Հայաստանի պատմությանը նվիրված ցուցահանդեսը նախատեսվում է կազմակերպել 2017 թ.–ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում  (The Metropolitan Museum of Art), որը աշխարհի խոշորագույն և այցելությունների թվով երրորդ գեղարվեստական թանգարանն է։ –0–