Հայ վոկալիստները հաղթել են Տիխվինում տեղի ունեցած Երիտասարդ օպերային երգիչների IX միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ կատարողները դարձել են Երիտասարդ օպերային երգիչների IX միջազգային մրցույթի դափնեկիրները, որն անցկացվել է Ռուսաստանի Տիխվին քաղաքում Ն.Ա Ռիմսկի–Կորսակովի անվան առաջին միջազգային օպերային փառատոնի շրջանակում։
Ինչպես հաղորդում է 1rre.ru–ն, Հովհաննես Ներսիսյանը դարձել է առաջին աստիճանի դափնեկիր, իսկ Ջուլիետա Ալեքսանյանը` երկրորդ աստիճանի։
Հաղորդագրության համաձայն` մրցութային լսումներն ընթացել են հունվարի 28–31–ը, իսկ այս տարի առաջին անգամ մրցույթի մասնակիցները մրցել են ոչ միայն օպերային, այլ նաև կամերային կատարման ոլորտում։
Արարատյան Հայրապետական Թեմի Facebook–յան պաշտոնական էջում նշվում է, որ Հովհաննես Ներսիսյանը Թեմի սարկավագ է։
Մրցույթին մասնակցել է ավելի քան 50 երիտասարդ երգիչ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։
Մրցույթի Գրան–պրիին է արժանացել Չինաստանը ներկայացնող տենոր Սյույ Խաո Ինը, ով կատարել է Դոնիցետտիի «Գնդի դուստրը» օպերայի Տոնիոյի արիան, իսկ վոկալիստների վարպետությունը գնահատել են մեծանուն մանկավարժներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Ուզբեկստանից։–0–