«Սպի». Հայոց ցեղասպանությունը` թուրք ռեժիսորի աչքերով
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ազգությամբ թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, և այն Երևանի մեծ էկրաններին հնարավոր կլինի տեսնել փետրվարի 19–ին։ Ֆիլմը մի հայի ճակատագրի մասին է, ով հրաշքով փրկվել է 1915թ.–ի Հայոց ցեղասպանությունից հետո և փնտրում է իր ընտանիքին։ Սա Ֆաթիհ Աքիմի «Սեր, մահ և սատանա» եռապատման վերջին մասն է։ Ֆիլմի բյուջեն 15,5 մլն եվրո է կազմել, իսկ նկարահանումները սկսվել են 2013թ.–ի մարտին և իրականացվել Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում։
Ֆիլմն, անխոս, կարևորություն ունի մի քանի առումով։ Նախ այն, որ աշխարհի տարբեր քաղաքներում ֆիլմի պրեմիերան կկայանա այս տարի, երբ ողջ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում 1915թ.–ի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Երկրորդն այն փաստն է, որ ֆիլմի ռեժիսորը, սցենարիստներից մեկն ու համապրոդյուսերը էթնիկ թուրք է։ Չէ՞ որ մինչև վերջերս «Ցեղասպանություն» բառը արգելված էր Թուրքիայում, և քաղաքացիական արիություն է պահանջվել Թուրքիայում ծնված ռեժիսորին այս թեմային անդրադառնալու համար։
Ըստ էության, «Սպի» ֆիլմը Արևմտյան Հայաստանում բնակվող հայի անցած ուղին է, ով, 1915թ.–ին բաժանվելով ընտանիքից, միայն ութ տարի անց է կարողանում գտնել այդ սարսափելի իրադարձություններն ու արտագաղթի դժվարությունները հաղթահարած իր միակ հարազատին` դստերը` Լուսինեին։ Ռեժիսորը փորձել է հավաքական կերպարի միջոցով ներկայացնել ոչ միայն այն, ինչ վերապրել է հայ ժողովուրդը Ցեղասպանության տարիներին, այլ նաև ներկայացնել այն, թե որքան դժվար է եղել հայ ժողովրդի` ողջ մնացած որդիներին և դուստրերին այդ սարսափելի ողբերգությունից հետո սովորել կրկին ապրել։
Ֆիլմի գլխավոր հերոսի պատմությունը, որը սկսվում է 1915թ.–ին Մարդինում (Արևմտյան Հայաստան), սրընթաց կերպով ընդլայնում է աշխարհագրությունը` Սիրիա, Լիբանան, Կուբա, ԱՄՆ։ Թուրք ասկյարների կողմից իրականացվող բռնության և սպանությունների տեսարանները փոխարինվում են որբանոցների և փախստականների ճամբարների ոչ պակաս հուզիչ տեսարաններով, իսկ հրաշքով փրկված գլխավոր հերոսը ութ տարի շարունակ հարազատներին փնտրելու ընթացքում անցնում է դժոխքի յոթ աշխարհների միջով։
Ֆիլմում շատ են փոխաբերությունները։ Հատկապես խորհրդանշական է դրանցից գլխավորը, որն առնչվում է ֆիլմի անվան հետ։ Դահիճի դողացող ձեռքը չի կարողանում սպանել ֆիլմի գլխավոր հերոսին, սակայն կոկորդի վերքի պատճառով Նազարեթ Մանուկյանը համր է դառնում։ Հնարավոր է, որ այդ համրությունը խորհրդանշում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեման լռության մատնելու փաստը, իսկ գուցե ֆիլմի ստեղծողները ենթագիտակցաբար ցանկացել են ցույց տալ, թե որքան ցածր է հայ ժողովրդի ձայնը, որը մեկ դար շարունակող չկարողացավ հասնել աշխարհի ուժեղներին։
Այդ պատճառով դրամայի վերջին տեսարանում հնչող խռպոտ հառաչը կարծես հնչում է, որպեսզի դիպչի ողջ աշխարհի հանդիսատեսի հոգիներին և ևս մեկ անգամ ընդգծի ֆիլմի ստեղծողների հիմնական ուղերձը` այլևս երբեք ցեղասպանության կրկնություն թույլ չտալ։
«Սպի» ֆիլմը խոշոր միջազգային նախագիծ է, որի իրականացման գործում մասնակցել են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը (Ռուսաստանից` Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսիսյանը) ներկայացնող կինեմատոգրաֆիստները։ Ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը` հայտնի «Մարգարե» ֆիլմով։ Ֆիլմի ստեղծման գործում աջակցել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը։ Ֆիլմի սցենարիստներն են ռեժիսոր Ֆաթիհ Աքինն ու Մարտիկ Մարդին, ով նաև Մարտին Սկորսեզեի ֆիլմերի սցենարների հեղինակն է։–0–