ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ թարգմանիչներն ու հրատարակչությունները սկսել են ավելի շատ հետաքրքրվել գերմանական գրականությամբ, ուրբաթ լրագրողներին ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։
«Ուսումնասիրելով հայկական հրատարակչական պրոդուկտները` մենք շատ հետաքրքրիր փաստ ենք նկատել` հրատարակությունների մեծ քանակը գերմաներենից թարգմանված գրքեր են», – ասաց Ափինյանը։
Նրա խոսքերով` Հայաստանում վերջին տարիների լավագույն թարգմանությունը գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ըներցողը» գիրքն է։
«Այս աշխարհահռչակ գիրքը «Զանգակ» հրատարակչատանը թարգմանել է Գայանե Գինոյանը։ Գրքի մոտիվներով 2008 թ.–ին գերմանացի և ամերիկացի կինեմատոգրաֆիստները նկարահանել են համանուն ֆիլմ, որն արժանացել է «Օսկարի»։ Սա իսկապես գերմանական գրականության հռչակավոր աշխատանքներից է», – նշեց Ափինյանը։
Նա նաև առանձնացրեց նոբելյան մրցանակակիր Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» գրքի հայերեն թարգմանությունը։ «Գրասն արտասահմանյան մտավորականության այն ներկայացուցիչներից էր, ով համաշխարհային հանրությունից պահանջել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – նշեց Ափինյանը։
Նա նաև ավելացրեց, որ վերջերս Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը հրատարակեց գերմանացի գիտնական Վիլհելմ Բաումի «Թուրքիան և նրա քրիստորնյա փոքրամասնությունները» աշխատությունը, որը բավականին արժեքավոր մենագրություն է։
«Ուրախությամբ նաև պետք է տեղեկացնեմ, որ երիտասարդ ուսանողների հետ միասին մենք ստեղծել ենք «Գերմանական գրականության ընկերներ» ասոցիացիան», – նշեց Երևանի գրողների միության նախագահը։–0–