ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հայտնի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85–ամյակին նվիրված համերգաշարով, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 20-ին և 30–ին, ինչպես նաև փետրվարի 4–ին անցկացվելիք համերգներին կհնչեն Հովհաննիսյանի գործիքային–կամերային, դաշնամուրային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Փառատոնը հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված նախագծի շարունակությունն է, որի շրջանակում համերգներն ամեն տարի նվիրվում են հայտնի հայ կոմպոզիտորների հոբելյաններին։ Այսպես, 2010 թվականին անցել է «Սարյան–ֆեստը», 2011–ին` «Բաբաջանյան–ֆեստը», 2012–ին` «Չուխաջյան–ֆեստը», 2013–ին` «Ռոմանոս Մելիքյան–ֆեստը», նախորդ տարին նշանավորվել է «Տերտերյան–ֆեստ» համերգաշարի անցկացմամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2015 թվականի ընթացքում ծրագրում է երաժշտասերներին բազմաթիվ անակնկալներ մատուցել` հանդիպումներ աշխարհահռչակ երաժիշտների հետ, նոր համերգային ծրագրեր։ Նվագախումբը հայկական արվեստը կներկայացնի նաև միջազգային բեմում։
Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թվականին, 2008 թվականին ստացել է պետականի կարգավիճակ։ Դրա կազմում միջազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։ -0-