ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգիչ Պլասիդո Դոմինգոն Չայկովսկու մրցույթի ժյուրիի կազմում է ներառվել։ Մրցույթը տեղի կունենա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում 2015թ.–ին և նվիրված կլինի կոմպոզիտորի ծննդյան 175–ամյակին, չորեքշաբթի տեղեկացրել է Ռուսաստանի փոխվարչապետ, մրցույթի կազմկոմիտեի նախագահ Օլգա Գոլոդեցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Չայկովսկու մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 1958թ.–ին և մեծ աղմուկ բարձրացրել. մրցույթի հաղթող է ճանաչվել երիտասարդ ամերիկացի դաշնակահար Վան Քլիբերնը։ Հետագայում դաշնամուրի գծով առաջին մրցանակակիրներ են դարձել Վլադիմիր Աշկենազին, Բորիս Բերեզովսկին և Դենիս Մացուևը։ Կոմպոզիտորի 175–ամյակին նվիրված մրցույթը կկազմակերպվի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում 2015թ.–ի հունիսի 15–ից հուլիսի 3–ը։
«Ուզում եմ հիշեցնել, որ տարին մեզ համար դյուրին չէ, քանի որ հոբելյանական է, մենք նշում ենք Չայկովսկու ծննդյան 175–ամյակը, կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, և հուսով եմ` ամենավառը կլինի Չայկովսկու մրցույթը», – ասել է Գոլոդեցը չորեքշաբթի Մեծ թատրոնում կազմակերպված մրցույթի կազմկոմիտեի նիստի ժամանակ։
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ լուրջ աշխատանք է կատարվել, մասնավորապես` ձևավորվել է ժյուրիի կազմը։ «Ժյուրիի անդամներն են Պլասիդո Դոմինգոն, Վադիմ Ռեպինը, Բորիս Բերեզովսկին, Դենիս Մացուևը և ուրիշ հայտնի երաժիշտներ։ Ժյուրիի կազմում ընդհանուր առմամբ ներառված է 16 երկրի 42 երաժիշտ», – ասել է Գոլոդեցը։
Մարիինյան թատրոնի տնօրեն Վալերի Գերգիևն իր հերթին նշել է, որ Պլասիդո Դոմինգոն շատ ծանրաբեռնված է իր մրցույթի աշխատանքներով և լավագույն դեպքում կկարողանա ամենավերջում միանալ Չայկովսկու մրցույթի ժյուրիի աշխատանքին։ Գերգիևն առաջարկել է դեռ չփակել ժյուրիի ձևավորման հարցը, նա նաև ավելացրել է, որ կարելի է ժյուրիի կազմում ընդգրկել նաև Մոսկվայի ֆիլհարմոնիայի տնօրեն Ալեքսեյ Շալաշովին։–0–