ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Forbes ամսագիրը հոլիվուդյան աստղ Ադամ Սենդլերին ճանաչել է տարվա «ոչ արդարացված ամենաբարձր» աշխատավարձ ստացող դերասանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Forbes–ն այս վարկանիշը կազմել է դերասանի վերջին երեք ֆիլմերի (որոնք էկրան են բարձրացել մինչև 2014թ.–ի հունիսը) դրամարկղային հասույթի և աստղի հոնորարների համադրման հիման վրա։
Ըստ Forbes–ի` երկրորդ տեղում է Ջոնի Դեփը։ Նրան վճարած յուրաքանչյուր դոլարն ընկերություններին է վերադարձել 4,2 դոլարի շահույթի տեսքով։ 2014թ.–ի վարկանիշում երրորդ տեղում է Բեն Սթիլերը։ Սթիլերին վճարած յուրաքանչյուրի դոլարի դիմաց կինոընկերությունները «հետ են բերել» 4,8 դոլար։
Forbes–ի վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել նաև Ռայան Ռեյնոլդսը, Թոմ Հենքսը, Չենինգ Թեյթումը, Ուիլ Ֆերելը, Դենզել Վաշինգտոնը, Սանդրա Բուլոքն ու Բեն Աֆլեկը։
Ավելի վաղ Forbes–ի վարկանիշում 2014թ.–ի ամենաբարձր վարձատրվող դերասան էր ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը, ով 2013թ.–ի հունիսից մինչև 2014թ.–ի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել էր 75 մլն դոլար։ Երկրորդ տեղում է Դուեյն Ջոնսոնը` 52 մլն դոլար, երրորդը` Բրեդի Քուփերը` 46 մլն դոլար եկամուտով։
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Սանդրա Բուլոքը (51 մլն դոլար), Ջեննիֆեր Լոուրենսը (34 մլն դոլար) և Ջեննիֆեր Էնիսթոնը (31 մլն դոլար)։–0–