ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կմասնակցի Սանկտ–Պետերբուրգի միջազգային III մշակութային համաժողովին, որը կանցկացվի Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում դեկտեմբերի 7-9–ը։
Պողոսյանը մեկնել է ՌԴ ռուս գործընկեր Վլադիմիր Մեդինսկու հրավերով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանը:
Համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ, ՌԴ նախագահի աշխատակազմի և կառավարության պատասխանատուներ, դիվանագիտական ներկայացուցչությունների, համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային կառույցների ղեկավարներ, մշակույթի և արվեստի, կրթության և գիտության ականավոր գործիչներ, միջազգային մշակութային համագործակցության ոլորտի փորձագետներ:
Համաժողովի շրջանակում կնշվեն նաև աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկի` Պետական Էրմիտաժի 250-ամյա և Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկու 70-ամյա հոբելյանները, որոնք կուղեկցվեն մի շարք հանդիսավոր արարողություններով:
Միջոցառման ընթացքում կստորագրվի նաև Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև 2015 թ. աշխատանքային ծրագիրը:
Գործուղման ընթացքում Հ. Պողոսյանը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի ազգագրական և Ռուսական թանգարաններ, որտեղ 2015 թ. կկազմակերպվեն հայկական ցուցահանդեսներ:-0-