«Մատենադարանն» ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ է ստացել գրավոր ժառանգության պահպանման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը բազային կազմակերպության կարգավիճակ է ստացել գրավոր ժառանգության պահպանման ոլորտում, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Այդպիսի որոշում է ընդունվել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում Աշխաբադում։
«Բազային կազմակերպության կարգավիճակի շնորհումը հնարավորություն կընձեռի ընդլայնել և ամրապնդել ԱՊՀ երկրների միջև հումանիտար համագործակցությունը և իրականացնել բարձր որակավորում ունեցող մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետների ուսուցում ու վերապատրաստում»,– ասվում է հաղորդագրությունում։
Հավանության են արժանացել ԱՊՀ անդամ պետությունների 2015-2016թթ. հումանիտար համագործակցության բնագավառում գերակա միջոցառումների ծրագիրը, մինչև 2020թ. զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման 2015-2017 թթ. միջոցառումների պլանը։-0-