«Գահերի խաղը» ֆիլմի դերասանները ստորագրել են յոթերորդ սեզոնի նկարահանումների պայմանագրերը

31.10.2014, 10:13
«Գահերի խաղը» հայտնի հեռուստանովելի գլխավոր դերակատարները յոթերորդ սեզոնին մասնակցելու մասին պայմանագրեր են ստորագրել HBO կինոստուդիայի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Գահերի խաղը» ֆիլմի դերասանները ստորագրել են յոթերորդ սեզոնի նկարահանումների պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Գահերի խաղը» հայտնի հեռուստանովելի գլխավոր դերակատարները յոթերորդ սեզոնին մասնակցելու մասին պայմանագրեր են ստորագրել HBO կինոստուդիայի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դերասանները նկարահանումների պայմանագրեր էին ստորագրել սերիալի վեց սեզոնի համար։ Յոթերորդի նկարահանումն առայժմ կինոստուդիայի պաշտոնական ծրագրերում ներառված չէ, դրան մասնակցելու համաձայնություն ստանալու համար պրոդյուսերները բարձրացրել են դերասանների հոնորարները, հայտնում է Hollywood Reporter–ը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Այս պահին ցուցադրվել է «Գահերի խաղի» չորս սեզոն։

Նշվում է, որ նկարահանման ընթացքում գործում է աշխատանքի վարձատրության բազմաստիճան համակարգ, որի ժամանակ բարձրագույն պարգևատրում են ստանում "А" կատեգորիայի դերասանները, որոնց թվում են Քիտ Հարինգտոնը (Ջոն Սնոուի դերակատարը), Պիտեր Դինքլեյջը (Տիրիոն Լանիստեր), Լենա Հիդին (Սերսեա թագուհի), Էմիլիա Կլարկը (Դեյներիս Տարգարիեն) և Նիկոլայ Կոստեր–Վալդաուն (Ջեյմե Լանիստեր)։ Միաժամանակ, ինչպես նշում է պարբերականը, առայժմ չի կարելի վստահաբար ասել, որ կերպարները, որոնց դերում հանդես են գալիս այդ դերասանները, կապրեն մինչև յոթերորդ սեզոն։

«Գահերի խաղը» Ջորջ Մարտինի «Սառույցի և Կրակի երգը» անավարտ պատմության էկրանավորումն է։ Գիրքը հրատարակվում է 1996 թվականից մինչ օրս։ «Գահերի խաղը» հեռուստանովելի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլին։ Ֆիլմն արժանացել է տասը «Էմմի» մրցանակի, «Ոսկե գլոբուսի» և տասնյակ այլ պարգևների։ -0-