ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ժամանակակից նկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի տալլինյան աշխատանքները կներկայացվեն ՄԱԿ–ի Երևանի գրասենյակի շենքում կազմակերպվող ցուցահանդեսում հոկտեմբերի 21–ին, հայտնեց միջոցառման կազմակերպիչ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։
«Մեր նկարիչներն աշխատել են Տալլինում մարտի 1–ից և ապրիլի 10–ին Էստոնիայի ազգային գրադարանում ներկայացրել են այդ ժամանակահատվածում կատարած իրենց աշխատանքները։ «Քայլող հետքեր. հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով ցուցահանդեսն անցել է մեծ հաջողությամբ, և մենք որոշել ենք կազմակերպել այն Երևանում»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հարությունյանը։
Ըստ նրա` նկարիչների աշխատանքները կատարված են օֆսեթ լիտոգրաֆիայի, մոնոտիպիայի և օֆորտի տեխնիկայով։
«Ցուցահանդեսը կտևի մոտ երկու շաբաթ։ Բացման արարողությանը ներկա կլինեն դեսպանությունների և ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ դա կլինի ցուցահանդես–վաճառք, և, ցանկության դեպքում, այցելուները կկարողանան աշխատանքներ ձեռք բերել»,– ասաց Հարությունյանը։
Հիմնադրամի ղեկավարն ավելացրեց, որ միջոցառմանը կներկայացվեն Տիգրան Սահակյանի և Արման Վահանյանի հնգական աշխատանքներ։ Իսկ Տիգրան Կիրակոսյանի աշխատանքների թվում կլինեն նաև այլընտրանքային նկարներ, քանի որ էստոնական ցուցահանդեսից դեռ ոչ բոլոր աշխատանքներն են բերվել Երևան։
«Սա հիանալի հնարավորություն է արվեստի հայ գնահատողներին հաղորդակից դարձնելու երիտասարդ նկարիչների աշխատանքներին։ Մենք ծրագրում ենք նաև հրապարակել ցուցահանդեսի կատալոգ, որը, հավանաբար, պատրաստ կլինի նոյեմբերին»,– ասաց Հարությունյանը։
Նկարիչ Տիգրան Սահակյանն իր հերթին նշեց, որ էստոնական փորձից հայ նկարիչները պետք է վերցնեն գրաֆիկայի ավանդույթները։
Ինչպես նշեց Արման Վահանյանը, էստոնական և հայկական գեղանկարչության հիմնական տարբերությունը մոտեցումների տարբերությունն է։ «Էստոնացի նկարիչների մոտ գերակշռում է տրամաբանությունը, իսկ հայերի մոտ` զգացմունքները»,– ասաց նա։
Տալլինի ցուցահանդեսն անցկացվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Էստոնիայի մշակույթի նախարարության և այդ երկրի կառավարության մշակույթի հիմնադրամի հովանավորչական օժանդակությամբ` էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնացի գրաֆիկների ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
2012 թվականին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակը Հայաստանի և այլ երկրների միջև մշակույթների փոխանակմանն օժանդակությունն է, երկխոսության ծավալումն ու ամրապնդումը հայ և օտարերկրացի արվեստագետների միջև։ -0-