ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանի 90–ամյակին նվիրված «100 մինուս 10» ներկայացումը կկայանա հոկտեմբերի 17–ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հայտնեց Մանարյանի թոռը` «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը։
«Հոկտեմբերի 17–ին «Փոփոխությունների թատրոնը» կներկայացնի ոչ ավանդական հոբելյանական ներկայացում։ Ներկայացմանը կմասնակցի ինքը` հոբելյարը։ Նաև առաջին անգամ կներկայացվեն Երվանդ Մանարյանի բացառիկ և նախկինում չհրապարակված լուսանկարները»,– ասաց Սեկոյանը։
Ներկայացման նպատակն այն է, որ նորովի ներկայացվի սիրված արտիստի էությունն ու կյանքի ուղին։ Հոբելյանական երեկոյի ընթացքում հյուրերը կկարողանան ոչ միայն դիտել ներկայացումը, այլ նաև շնորհավորել արտիստին և շփվել նրա հետ։
Ինչպես նշեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Երվանդ Մանարյանը սիրում է իմպրովիզացիաներ, այդ պատճառով սյուժեն նրա համար անակնկալ է լինելու։
Հոբելյանական ներկայացումը կազմակերպվել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի ֆինանսական աջակցությամբ և հանրապետության մշակույթի նախարարության օժանդակությամբ։
Դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 10–ին Արաքում (Իրան)։ 1978-1985 թվականներին եղել է Երևանի Հովհ. Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1988 թվականին հիմնել է «Ագուլիս» տիկնիկային թատրոնը։
Գրել է «Տժվժիկ» ֆիլմի սցենարը։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Հարսնացուն հյուսիսից» և «Խոհարարները եկել են մրցույթի» ֆիլմերից։ -0-