Երևանի կրկեսի ղեկավարը կմասնակցի խորհրդային և ռուսական կրկեսի 95–ամյակին նվիրված միջոցառումներին

07.10.2014, 14:41
Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը կլինի խորհրդային և ռուսական կրկեսի հիմնադրման 95-րդ տարեդարձին նվիրված և Մոսկվայում անցկացվելիք տոնական միջոցառումների պատվավոր հյուրը։
Երևանի կրկեսի ղեկավարը կմասնակցի խորհրդային և ռուսական կրկեսի 95–ամյակին նվիրված միջոցառումներին
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը կլինի խորհրդային և ռուսական կրկեսի հիմնադրման 95-րդ տարեդարձին նվիրված և Մոսկվայում անցկացվելիք տոնական միջոցառումների պատվավոր հյուրը։

«Հոբելյանական միջոցառումների ծրագրում նախատեսված է կրկեսային արվեստի զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողով, որի շրջանակներում Սոս Պետրոսյանը կներկայացնի հայկական կրկեսի մասին իր թեզը, որտեղ նա անդրադառնում է հայկական ժամանակակից կրկեսային արվեստին և գեղարվեստական արժեքներին»,– ասվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրությունում։

Խորհրդաժողովի Պատվավոր հյուրերը՝ տարբեր երկրների կրկեսային գործիչները կհանդիպեն նաև Միխայիլ Ռումյանցևի («Կարանդաշ«) անվան կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանի սաների և դասախոսական կազմի հետ: Այս ուսումնարանում է 60-ականների կեսերին ուսանել նաև Սոս Պետրոսյանը: Եվ կազմակերպվելիք «վարպետության դասերի» շրջանակում Սոս Պետրոսյանն սկսնակ արտիստներին կպատմի իր անցած ուղու և կուտակած փորձի մասին:

Հոբելյանական Գալա-ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին՝ Ցվետնոյ բուլվարի Նիկուլինի անվան մոսկովյան կրկեսում: Հեքիաթաշուք շոուն, ինչպես խոստանում են կազմակերպիչները, իր յուրահատկությամբ կտպավորի ինչպես շարքային հանդիսատեսին, այնպես էլ՝ մանեժի անվանի վարպետներին: Գալա-ներկայացումը ներառելու է ամենատարբեր կրկեսային ժանրերի ներկայացուցիչների. հանդիսատեսին կցուցադրվեն տաչանկայով նժույգների վազք, օդային մարմնամարզիկների, էկվիլիբրիստների, ձեռնածուների և այլ արտիստների ելույթներ:-0-