ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ջուրը՝ գդալ-գդալ» ներկայացումը, որի պրեմիերան կկայանա HighFest XII միջազգային թատերական փառատոնի շրջանակում, պետք է գրավի հասարակայնության ուշադրությունը վետերանների խնդիրների նկատմամբ, հայտնեց Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և HighFest փառատոնը կներկայացնեն դրամատուրգ Կիարա Ալեգրիա Գուդեսի «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսը, որը 2012 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի: Պիեսը պատմում է Իրաքի պատերազմի ամերիկացի վետերանի մասին, ով պայքարում է իր նկատմամբ արհամարհանքով վերաբերվող հասարակությունում սեփական տեղը գտնելու համար»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հեֆերնը:
«Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի հայկական պրեմիերան կկայանա հոկտեմբերի 2-ին և 3-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Հեֆերնը նշեց, որ «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի հերոսները փորձում են հաղթահարել մենությունն ու ցավը, բարելավել հարաբերություններն ընտանիքի հետ: Ու թեև պիեսում ներկայացված է ամերիկյան իրականությունը, դրանում ներկայացված թեմաները համամարդկային են:
Ամերիկացի զինծառայող Էլիոթ Ռուիսը, ով դարձել է գլխավոր հերոսի նախատիպը, պատմեց այն մասին, որ հանդիպել է հայ վետերանների, Արցախի ազատագրական շարժման մասնակիցների հետ:
«Պիեսը համամարդկային խնդիրներին նվիրված հիանալի ստեղծագործություն է: Այն կարող է օգնել ոչ միայն վետերաններին, այլ նաև նրանց ընտանիքներին և ընկերներին: Վերջիններս հաճախ չեն պատկերացնում, թե ֆիզիկական և հոգեբանական ինչ խնդիրների հետ են բախվում մարդիկ պատերազմում»,- ասաց Ռուիսը:
Կիսելով հայ վետերանների հետ հանդիպումից ունեցած իր տպավորությունները` Ռուիսն ասաց, որ նա զարմացած է, որ նրանք ընդգրկված չեն վերականգնողական և հասարակությանն ինտեգրվելու հատուկ ծրագրերում:
«Կարծում եմ, որ Հայաստանում պետք է գործեն վետերանների համար հատուկ ուսումնական ծրագրեր, որոնք թույլ կտան նրանց մասնագիտություններ ձեռք բերել և ապահովել իրենց ու իրենց ընտանիքներին: Նրանք պետք է նաև առավելություններ ունենան բժշկական սպասարկման և հոգեբանական վերականգնման հարցերում»,- կարծում է Ռուիսը:
Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի HighFest XII միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը հայկական բեմում կհամախմբի թատրոնի շուրջ 200 վարպետների աշխարհի 18 երկրներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից ու Վրաստանից:
Այդ օրերին հայկական մայրաքաղաքի թատերաբեմերում կանցնեն ավելի քան հիսուն ներկայացումներ:
Փառատոնային կարևոր իրադարձություների թվում Ղուկասյանը նշեց «Ջուրը՝ գդալ-գդալ» հայ-ամերիկյան նախագիծը, «Արտիշոկ» ղազախական թատրոնի «Պուշկին stand-up» բեմադրությունը, ինչպես նաև «Մահացած պարեր» (ՌԴ) և «Խելագարի հիշատակարանը» (Մեծ Բրիտանիա) բեմադրությունները:
Օտարերկրյա մասնակիցները փառատոնի շրջանակում կկազմակերպեն նաև վարպետության դասեր հայ արտիստների համար:
Բացի փառատոնի բացման բեմադրությունից, մնացած բոլոր բեմադրությունների մուտքն անվճար է, ինչը թույլ կտա դառնալ փառատոնային տոնի հաղորդակիցը:
HighFest միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցել է Հայաստանում 2003 թ.-ին: Տասը տարվա ընթացքում փառատոնին մասնակցել է ավելի քան 1500 արտիստ աշխարհի 50 երկրներից, ինչպես նաև ավելի քան 150 պատվավոր թատերագետներ, արվեստի գործիչներ և միջազգային փառատոնների նախագահներ:-0-