ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն իր 70–ամյակը կնշի հոբելյանական համերգով, որն ուրբաթ կբացի 12–րդ համերգաշրջանը Երաժշտության միջազգային տանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մաեստրոյի հոբելյանը, որը նա նշում է սեպտեմբերի 12–ին, ուղեկցվում է նրա կյանքի և գործունեության ոչ պակաս նշանակալի ամսաթվերով` լրացել է «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի 35–ամյակը, 20–ամյակն է նշել Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամը և 10–ամյակը` Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Վլադիմիր Սպիվակովն է։
70–ամյակի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ականավոր դիրիժորին պարգևատրել է «հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար» «Հայրենիքի առջև վաստակի համար» 4–րդ աստիճանի շքանշանով։
Սպիվակովն ավանդույթի համաձայն` ծննդյան օրը կնշի բեմում, համաշխարհային երաժշտարվեստի ականավոր գործիչների և ճանաչման ուղին բռնած նորահայտ աստղերի շրջապատում։
Բացի «Մոսկվայի վիրտուոզներից» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից, հոբելյանական համերգին կմասնակցեն նաև ամերիկացի օպերային երգիչ Ջեսի Նորմանը, տենոր Խուան Դիեգո Ֆլորեսը (Պերու–Ավստրալիա), իսրայելցի ջութակահար Վադիմ Գլուզմանը, ռուս օպերային երգիչներ Հիբլա Գերզմավան, Դմիտրի Կորչակը, Վասիլի Լադյուկը, դաշնակահար Դենիս Մացուևը։
Սպիվակովը ԽՍՀՄ պետական մրցանակի (1989) դափնեկիր է, պարգևատրվել է «Ազգերի բարեկամություն» շքանշանով (1993), «Հայրենիքի առջև վաստակի» 3–րդ (1999) և 2–րդ (2009) աստիճանի շքանշաններով։ Մաեստրոն արժանացել է Ֆրանսիայի երկու բարձրագույն պարգևի` Պատվավոր լեգեոնի և Արվեստի ու Գրականության շքանշանների, Իտալիայի աստղի` կոմանդորի աստիճանի շքանշանի, ինչպես նաև միջազգային այլ պատվավոր պարգևների և կոչումների։
Համաշխարհային արվեստում ունեցած մեծ ավանդի համար Սպիվակովը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի` Մոցարտի ոսկե մեդալով։ Դիրիժորը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի Մշակույթի դեսպան է։
2012 թվականին Սպիվակովին շնորհվել է Ռուսաստանի պետական մրցանակ «մարդասիրական գործունեության ոլորտում ունեցած մեծ վաստակի համար»։ Վլադիմիր Սպիվակովը Փարիզում, Գենուայում, Լոնդոնում, Մոնրեալում, Մոնտե Կարլոյում, Իսպանիայում միջազգային հայտնի մրցույթների ժյուրիի անդամ է։ -0-