ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի 8–րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը ելույթ կունենա հայտնի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Էդուարդ Թոփչյանը։
Փառատոնի բացում–համերգը նախատեսված է սեպտեմբերի 12–ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Ծրագրում ընդգրկված են Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա» ստեղծագործության օրիգինալ տարբերակի պրեմիերան, ինչպես նաև Ռախմանինովի №2 համերգը և Ռիմսկի–Կորսակովի «Շահրազադե» բալետի սյուիտը։
«Երևանի միջազգային երաժշտական փառատոնի առաջին համերգը կազդարարի Իտալիայի հյուրախաղերից օրեր առաջ վերադարձած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը»,– ասաց Թոփչյանը։
Նա նշեց նաև, որ եթե նախորդ տարի փառատոնի կազմակերպիչներին դժվարությամբ հաջողվեց համոզել Գերշտեյնին Հայաստան ժամանել, ապա այս տարի նա ինքը ժամանակ գտավ իր ժամանակացույցում և ցանկացավ կրկին այցելել Երևան։
Դաշնակահարը նշեց, որ ուրախությամբ է եկել Հայաստան, և ավելացրեց, որ Հայաստանը հարազատ է դարձել դեռ առաջին այցի ժամանակ։
Խոսելով իր երաժշտական նախընտրությունների մասին` դաշնակահարը նշեց, որ մինչև տասնվեց տարեկանը զբաղվել է ջազային և դասական երաժշտությամբ, բայց ավելի ուշ ընտրել է երկրորդը։
«Ինչ վերաբերում է սիրած կոմպոզիտորներին, ապա պետք է ասեմ, որ նրանք այն կոմպոզիտորներն են, որոնց երաժշտությունը ես նվագում եմ այս պահին։ Դա արագ անցում կատարել, նոր կոմպոզիտորների «սիրահարվելու» կարողությունն է, որը շատ պետք է երաժիշտին»,– ասաց Գերշտեյնը։
Դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը ծնվել է Ռուսաստանում։ 14 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ։ Կրթություն է ստացել Բոստոնի Berklee College of Music–ում և Նյու Յորքի Մանհեթենի երաժշտական դպրոցում։ Գերշտեյնը մենահամերգներով է ելույթ ունեցել Փարիզում, Բոստոնում, Նյու Յորքում, Համբուրգում և այլ քաղաքներում աշխարհի ամենահայտնի նվագախմբերով։
Երևանի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը կանցնի հայկական մայրաքաղաքում սեպտեմբերի 12–ից հոկտեմբերի 24–ը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության օժանդակությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը։
Ծրագրի համաձայն, փառատոնին կմասնակցեն դաշնակահարներ Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ/Ռուսաստան), Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա), Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), Ալեքսանդր Մելնիկովը (Գերմանիա/Ռուսաստան), Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա), Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա), ջութակահարներ Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կռիլովը (Ռուսաստան), Պավել Վեռնիկովը (Իսրայել), ալտահար Դիմուտ Պապենը (Գերմանիա), ինչպես նաև թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), ֆլեյտահար Մասիմո Մերչելին (Իտալիա) և կիթառահար ֆաբիո Զանոնը (Բրազիլիա)։
Փառատոնի շրջանակում կհնչեն Մուսորգսկու, Ռախմանինովի, Ռիմսկի–Կորսակովի, Ստրավինսկու, Չայկովսկու, Շոստակովիչի, Շնիտկեի, Վիվալդիի, Մենդելսոնի, Բեթհովենի, Գերշվինի, Բրամսի, Շուբերտի, Կորիլիանոյի, Բարբերի, Ռոդրիգոյի ստեղծագործությունները։ Հոկտեմբերի 24–ի եզրափակիչ համերգում կկատարվի Պենդերեցկու Ֆլեյտայի համար կոնցերտի երևանյան պրեմիերան։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը 86 տարի առաջ հիմնել են հայ երաժիշտներ Արշակ Ադամյանը և Ալեքսանդր Սպենդիարյանը, տարիներ շարունակ եղել է նախկին ԽՍՀՄ–ի երաժշտական առաջատար կոլեկտիվներից մեկը։ Այսօր այն համարվում է պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն։
Տարբեր ժամանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Կոնստանտին Սարաջևը, Օհան Դուրյանը, Վալերի Գերգիևը, Լորիս Ճգնավորյանը։ 2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն Էդուարդ Թոփչյանն է։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։ -0-