ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Աստղային պատերազմներ» լեգենդար ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումները կվերսկսվեն այս ամիս, չորեքշաբթի գրում է Hollywood Reporter հրատարակությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Հունիսին հայտնի դարձավ, որ նոր ֆիլմի աշխատանքները դադարեցվել են, որովհետև հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը, ով ֆիլմում մարմնավորում է Հան Սոլոյի կերպարը (Millennium Falcon (Հազարամյա բազե) տիեզերանավի օդաչու) վնասվածք է ստացել Լոնդոնում գտնվող նկարահանման հրապարակում, և վիրահատել են նրա ձախ ոտքը:
Ինչպես նշում է հրատարակությունը, երբ Ֆորդը մասնակցեց Հոլիվուդում կայացած «Անզուսպները 3» մարտաֆիլմի պրեմիերային, խոսակցություններ տարածվեցին, որ դերասանը շուտով կարող է վերադառնալ «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Այնուամենայնիվ, հրատարակության աղբյուրը չկարողացավ հաստատել` Ֆորդը Լոնդոն է վերադառնում նկարահանումներին մասնակցելու համար, թե ոչ:
«Աստղային պատերազմներ» սագայի հեղինակը ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասն է: Նոր մասի ռեժիսորը Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսն է`հայտնի «Աստղային ուղի», «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմերով և «Կենդանի մնալ» սերիալով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ֆիլմի յոթերորդ մասը դեռ անվանում չունի, պրեմիերան նախատեսված է 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին:
Յոթերորդ էպիզոդի իրադարձությունները կզարգանան 1983 թ.-ին էկրան բարձրացած «Աստղային պատերազմներ. դրվագ 6-րդ, Ջեդայի վերադարձը» ֆիլմում ներկայացված պատմությունից 30 տարի անց: Հայտնի է, որ սյուժեի կենտրոնում կլինեն եռապատման կերպարները՝ Լյուկ Սքայուոքերը, արքայադուստր Լեան և Խան Սոլոն, որոնց կրկին կմարմնավորեն Մարկ Հեմիլը, Քերի Ֆիշերն ու Հարիսոն Ֆորդը: Յոթերորդ մասը կդառնա կինոսագայի առաջին ֆիլմը, որը կնկարահանվի այն բանից հետո, երբ Walt Disney–ը Լուկասից գնեց ֆիլմի իրավունքները:-0-