ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ դիրիժոր, աշխարհի բազմաթիվ հայտնի նվագախմբեր ղեկավարած Ջորջ Փեհլիվանյանն իր 50-ամյակը կնշի Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ առաջին համատեղ համերգով։
«Սպասված վերադարձ» խորագրով համերգին, որը տեղի կունենա հունիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կհնչեն Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի ստեղծագործությունները։
«Ես շատ ուրախ եմ Հայաստան վերադառնալ տասներկու տարի անց և առաջին անգամ աշխատել այնպիսի տաղանդավոր և հրաշալի կոլեկտիվի հետ, ինչպիսին Հայաստանի պետական կամերային նվագախումբն է», - ասաց Փեհլիվանյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Դիրիժորը նշեց, որ ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում, և իր ստեղծագործական կյանքի ընթացքում իրեն առավել ջերմությամբ և սիրով դիմավորել է հայ և հրեա հանդիսատեսը։
Փեհլիվանյանը նշեց, որ թեև արդեն հիսուն տարեկան է, բայց իրեն այդքան չի զգում, երիտասարդ է: Բայց հույս հայտնեց, որ հիսուն տարեկանի փորձառություն ունի, որը կարևոր է երիտասարդներին փոխանցելը։
Միակ նվերը, որը մաեստրոն Երևանից ցանկանում է իր հետ տանել Փարիզ, որտեղ բնակվում է երեխաների և ֆրանսուհի կնոջ հետ, հայ հանդիսատեսի սրտերի ջերմությունն է։
Մաեստրոն նշեց նաև, որ հաճելիորեն զարմացած է իր բացակայության ժամանակ Երևանում տեղի ունեցած փոփոխություններով։ Նրա խոսքերով` վերջին տարում հայկական մայրաքաղաքը զգալիորեն գեղեցկացել է, և այդ ընթացքում կառուցված շենքերի գեղեցկությամբ ամենևին չի զիջում խոշոր եվրոպական քաղաքներին։
Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին` դիրիժորը նշեց, որ բացակայության տարիներին հասցրել է կարոտել Երևանի փողոցներն ու այգիները, և չնայած համերգին նախապատրաստվելու մեծ զբաղվածությանը` շատ է ցանկանում այցելել Հայաստանի շատ գեղատեսիլ վայրեր, մասնավորապես` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Նա միաժամանակ հույս հայտնեց, որ այս այցը Հայաստան հիանալի հնարավորություն կդառնա հայ ժամանակակից կոմպոզիտորների և երաժիշտների հետ ծանոթանալու և նրանց հետ կապեր հաստատելու համար։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն իր հերթին նշեց, որ մաեստրոն չի բավարարվի նվագախմբի հետ մեկ ելույթով, և հետագայում իրենց հաջող համագործակցությունը կշարունակվի։
Դիրիժոր, ջութակահար Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է 1964թ. Բեյրութում, 1975-ից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում: Ջորջ Փեհլիվանյանը ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ ստանալով ջութակահարի և դիրիժորի երկու վկայական: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «ՊրոՄյուզիք» նվագախմբի կոնցերտմայստեր: 1991թ. սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) դիրիժորների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Նա առաջին ամերիկացին է, որ արժանացել է այդ պատվավոր մրցանակին:
Որպես դիրիժոր` Փահլիվանյանը հանդես է եկել 1987-ից՝ Նյու Յորքի Կառնեգի Հոլում: Ղեկավարել է Փարիզի, Մոնտե Կառլոյի, Ս. Պետերբուրգի, Մոսկվայի, Չիկագոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: 1992-ից քանիցս հանդես է եկել Երևանում, 1995-ին ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ շրջագայել է Անգլիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և այլուր: Երկացանկում՝ Վիվալդիի, Բախի, Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Կոմիտասի, Ա. Խաչատրյանի և այլոց ստեղծագործություններից:--0--