ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 27–ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում ցուցահանդես–վաճառք կկազմակերպվի, որտեղ 19–րդ դարի վերջի-20–րդ դարի սկզբի հագուստներով բացառիկ տիկնիկներ կներկայացվեն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց թանգարանի տնօրեն Անուշ Տեր–Մինասյանը։
«Արծաթե դարի ռուսական նորաձևություն» ցուցադրությունում ներկայացված է հրաշալի վարպետ Իրինա Վանյանի` մեր թանգարանի հատուկ պատվերով պատրաստած հեղինակային տիկնիկների հավաքածուն»,– ասաց Տեր–Մինասյանը։
Թանգարանի տնօրենը հայտնեց, որ մինչև հուլիսի 11–ը շարունակվող ցուցահանդեսում կներկայացվի քսան տիկնիկ, որոնցից յուրաքանչյուրն իր անունն ունի։
Երևանի ռուսական արվեստի թանգարանը ստեղծվել է 1980 թվականին խորհրդային բժշկության խոշորագույն ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի արվեստի գործերի հավաքածուի հիման վրա։ Թանգարանում լայնորեն ներկայացված են գեղանկարչության, գծանկարչության, դեկորատիվ–կիրառական արվեստի և սցենոգրաֆիայի վարպետների ստեղծագործություններ` նկարիչներ Կ.Կորովինի, Վ.Սերովի, Կ.Սոմովի, Վ.Բորիս–Մուսատովի, Մ.Վրուբելի, Մ.Նեստերովի, Բ.Կուստոդիևի, Ա.Բենուայի, Ն.Գոնչարովայի, Կ.Պետրով–Վոդկինի, Ն.Ռերիխի, Ա.Գոլովինի և Մ.Սարյանի աշխատանքները։ -0-