ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսին Լեհաստանի Լյուբլին քաղաքում կայանալիք «Մշակույթի արևելքում. արվեստի և երաժշտության տարբեր հնչյունները» խորագրով փառատոնի ժամանակ կներկայացվեն երեք հայկական կարճամետրաժ ֆիլմ և «Սիմուլակրում» նախագիծը, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Սոնա Հարությունյանը։
«Փառատոնի շրջանակում կազմակերպիչների խնդրանքով հիմնադրամը կներկայացնի «Սիմուլակրում» նախագիծը, ինչը կդառնա նախագծի արդեն 8–րդ միջազգային ցուցադրությունը», – ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև հայկական ժամանակակից ֆիլմեր, որոնց թվում է Վարդան Դանիելյանի «Կարճ հաղորդագրություն» կարճամետրաժ ֆիլմը, որը 2013 թ.–ին արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին, Դիանա Կարդումյանի «Երկխոսություններ» ֆիլմը, որը 2014 թ.–ին արժանացել է լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ մրցանակին, և Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմի աղետները» ֆիլմը։
Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի խորհրդի անդամ Տաթև Սարոյանը զեկույց կներկայացնի «Հայկական ժամանակակից արվեստի լանդշաֆտի մասին»։
Հիմնադրամի նախագահը կարևորեց փառատոնի ժամանակ Հայաստանը բազմակողմանի ներկայացնելու փաստը, որին կմասնակցի 13 երկիր, այդ թվում` ԱՄՆ–ն, Իսրայելը, Ադրբեջանը։
«Կարծում եմ, որ այդ երեք ոլորտները` արվեստը, արվեստի պատմությունն ու հայկական ֆիլմերը, թույլ կտան փառատոնի այցելուներին ավելի ծավալուն պատկերացում կազմել հայկական ժամանակակից արվեստի մասին», – եզրափակեց Հարությունյանը։
2012 թ.–ին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի և այլ երկրների միջև մշակույթների փոխանակմանը, հայ և օտարերկրացի արվեստի գործիչների միջև երկխոսության կայացմանն ու ամրապնդմանը։–0–