«Մանկական Եվրատեսիլ-2014»–ի մասնակցության հայտերի ընդունումն է մեկնարկում Հայաստանում հունիսի 1–ին
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ-2014»–ի մասնակցության հայտերի ընդունումն է մեկնարկում Հայաստանում հունիսի 1–ին, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։
Մրցույթը կանցնի նոյեմբերի 15–ին Մալթայում։
«Երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը` հետևելով մասնակցության հետևյալ կանոններին»,– ասվում է հաղորդագրությունում։
Կանոնների համաձայն` մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի։Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տևողությամբ։Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով, պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2014-ի մայիսի 1-ը:
Եվս մեկ պահանջ է 10-15 տարեկան երեխաների ակտիվ մասնակցությունը երգի ստեղծման մեջ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ:
Մրցույթի ղեկավարությունը թույլ է տալիս օգտագործել բեք–վոկալի ձայնագրված պարտիաներ։ Կազմակերպիչները նշում են, որ հայտի փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3, WAV), երգի խոսքերը, կատարողների անձնագրերի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ:
Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը, չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների):
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։
2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ 12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։
Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։ 2013 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը Կիևում անցկացված մրցույթում զբաղեցրեց 6–րդ տեղը։–0–