ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի մնջախաղի պետական թատրոնը նախօրեին ներկայացրել է «Այծ ծես» բեմադրությունը։
«Այս ներկայացումով մենք բացում ենք մեր թատրոնի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը, որի շրջանակում այս տարի ծրագրում ենք Ծաղկաձորում անցկացնել մնջախաղի հերթական փառատոնը, ինչպես նաև գիրք հրատարակել թատրոնի կայացման պատմության մասին»,– ներկայացման մեկնարկից առաջ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
Նա նշեց, որ ներկայացումը, որում նա հանդես է եկել որպես բեմադրիչ ռեժիսոր, վերջին հինգ տարում նրա առաջին բեմադրությունն է։ Հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը մեղեդի է գրել ներկայացման համար։
Ներկայացման սցենարի հեղինակն Անահիտ Շիրինյանն է, բեմադրող նկարիչը` Շամիր Շահիրյանը։ Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Հովհաննես Խաջինյանը, Իննա Հախնազարյանը, Լուսինե Գալստյանը, Մերի Կիրակոսյանը և Կարեն Խաչատրյանը։
Ներկայացումն արտացոլում է հնագույն կրոնական ավանդույթների տարրեր, որոնք ուղեկցվում են լույսի և ստվերի հիանալի խաղով, մարմնի ճկուն շարժումներով և դերասանների դիմախաղով։ Առանցքային կերպարներից մեկը «քավության նոխազն է», ում հնագույն ավանդույթով բաց էին թողնում անապատ` նրա վրա դնելով ամբողջ ժողովրդի մեղքերը։
Դադասյանն ափսոսանքով նշեց, որ տեխնիկական պատճառներով արտիստներին չհաջողվեց խաղալ ներկայացման առանցքային տեսարաններից մեկը։ «Հուսով եմ` մենք կկարողանանք խուսափել նմանատիպ խնդիրներից, երբ մեր սեփական թատրոնն ունենանք»,– նշեց նա։
Երևանի Մնջախաղի պետական թատրոնը հիմնվել է 1974 թվականին, սակայն իր գոյության 40 տարիների ընթացքում սեփական շենք ձեռք չի բերել։ Այսօր թատրոնի ներկայացումների հիմնական փորձերն ու ցուցադրություններն անցնում են Պատանի հանդիսատեսի շենքում։ Ցանկում 15 ներկայացում է ընդգրկված։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մնջախաղի փառատոնի տեղեկատվական հովանավորն է։-0-