ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վենետիկի 14–րդ ճարտարապետական բիենալեում Երևանին նվիրված տաղավարը կկրի «Իղձերի մայրաքաղաք» խորագիրը, և այնտեղ կներկայացվեն XX դարի հայկական մոդեռնի նմուշներ։
«Այս տարի մեր տաղավարի անվանումն է` «Երևան` իղձերի մայրաքաղաք», և, ինչպես տեսնում եք, նվիրված է մեր մայրաքաղաքին։ Այստեղ ներկայացված են քաղաքաշինական խոշոր անսամբլներ, որոնք այսօր Երևանի դեմքն ու զարդարանքն են»,– ասաց մշակույթի փոխնախարար, Վենետիկի բիենալեում Հայաստանի ազգային համակարգող Արև Սամուելյանը ցուցահանդեսի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Նա հայտնեց, որ Հայաստանը մասնակցում է ցուցահանդեսին արդեն վեց տարի և ունի իր տաղավարը, սակայն այս տարի առաջին անգամ Հայաստանի կողմից ցուցահանդեսի ազգային կուրատորը մշակույթի նախարարությունն է։ Սամուելյանը նշեց, որ հայկական կողմը հրավիրել է նաև հայտնի միջազգային կուրատորներ Ռուբեն Արևշատյանին և Գեորգ Շելհամերին, ով համաշխարհային ցուցահանդեսների խոշոր կազմակերպիչ է Ավստրիայից։
Ներկայացնելով հայկական տաղավարը Ճարտարապետական բիենալեում` Ռուբեն Արևշատյանը հայտնեց, որ այնտեղ ներկայացված են 20–րդ դարի հայկական մոդեռն ճարտարապետության երեք առանցքային դպրոցներ։ «Առաջինը, բնականաբար, թամանյանական դպրոցն է, որը սովորաբար չի դիտարկվում որպես մոդեռնիզմի ուղղության կամ մտածելակերպ` զուտ ոճական առումով։
Երկրորդ փուլը կոնստրուկտիվիստների դպրոցն է, որի սաներն առաջին պլան են մղել ճարտարապետության մեջ սոցիալական ասպեկտը, ինչը թամանյանական դպրոցի հետ առճակատման հիմնական պատճառ դարձավ։ Երրորդ ուղղությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված և Ռաֆայել Իսրայելյանի հիմնած երկրորդ ազգային ոճի դպրոցն է»,– ասաց հայ համակարգողը։
Այդ բոլոր մոտեցումների արժեքը, ըստ նրա, այն է, որ դրանք հիմնված են այն գլոբալ գաղափարների վրա, թե ինչպես պետք է զարգանա երկիրը, ազգը և հասարակությունը։
Արևշատյանը պարզաբանեց, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են հայ ճարտարապետների ինչպես ավարտուն նախագծեր, որոնք որոշ առումով արմատապես տարբերվում են դրանց հեղինակների սկզբնական նախագծից և դառնում գրեթե անճանաչելի, այնպես էլ 1923-1986 թվականներին ճարտարապետների արած չիրականացված օրիգինալ նախագծեր։ Դրանց թվում ներկայացված են, օրինակ, Ալեքսանդր Թամանյանի նախագծած Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Իսրայելյանի Հյուսիսային պողոտայի նախագիծը, ՎՕՊՐԱ դպրոցի ներկայացուցիչ Միքայել Մազմանյանի «Աշխատանքի պալատ» նախագիծը, և 20–դարի 1950-ականների, 60-ականների, 70 և 80-ական թվականների այլ նախագծեր։
Ցուցահանդեսի բացման օրը Հայաստանը կներկայացվի պրոմոհոլովակով, որտեղ Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունների ուղեկցությամբ կցուցադրվեն այդ նախագծերը, երևանյան շենքեր, ինչպես նաև հայկական խորհրդային ֆիլմերի կադրեր։
Ինչպես նշեցին կազմակերպիչները, բիենալերի համակարգողների մարտյան հանդիպման ընթացքում ցուցահանդեսի գլխավոր համակարգող հոլանդացի Ռեմ Կուլհասը հատուկ նշեց հայկական տաղավարի կազմակերպման կոնցեպտը դրա հետաքրքիր մոտեցման համար, որը ճարտարապետությունը դիտարկում է ոչ թե որպես պատկերազարդող ոլորտ, այլ որպես հասարակություն ձևավորող բաղադրիչ։ Նա նաև հավանություն տվեց նյութերի ընտրությանը և առաջարկած ձևաչափի ստեղծարարությանը։
14–րդ ճարտարապետական բիենալեի թեման է` «Հիմքեր» (Fundamentals)։ Դրա համակարգող Ռեմ Կոլհասը ծրագրում է ուսումնասիրել համաշխարհային ճարտարապետության վերջին 100 տարիները և դրա անցած ուղին ազգայինից դեպի գլոբալ։ Դիտարկել բոլոր երկրների համար ճարտարապետական ընդհանուր տարրերը (պատ, հատակ, տանիք և այլն) և դրանց «տարբերակները», ինչպես նաև փորձել մուտք գործել ապագա` Իտալիայի օրինակով։
14–րդ բիենալեն կանցկացվի Վենետիկում 2014 թվականի հունիսի 7–ից նոյեմբերի 23–ը։ Վերնիսաժը կկայանա հունիսի 5–ին և 6–ին։
Հայկական տաղավարը կզբաղեցնի մոտ 200 քմ տարածք Զենոբի պալատի երկու հարկերում, որը նախկինում «Մուրադ–Ռաֆայելյան» ճեմարանի շենքն է եղել։ Հայկական տաղավարում կներկայացվի մոտ 250 օբյեկտ` ժամանակակից տեսաձայնային տեխնոլոգիաների կիրառմամբ։
Ներկայացված աշխատանքների թվում են Գրիգոր Աղաբաբյանի, Ջիմ Թորոսյանի, Կարո Հալաբյանի, Սարգիս Գյուրզադյանի, Սամվել Սաֆարյանի, Երվանդ Քոչարի և 20–րդ դարի հայ մյուս նշանավոր ճարտարապետների գործեր։ -0-