ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրն այսօր նշում է 90 ամյակը։
Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։
Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ստացել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և ուրիշներ։
Այսօրվա դրությամբ վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Նա հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» երգը։
1988թ.-ին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1964թ., 1996 և 2006թթ. համերգներ է տվել Հայաստանում։
Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։-0-