Հայաստանի և Արցախի 101 թանգարան կմասնակցի «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային

16.05.2014, 16:56
Հայաստանի և Արցախի հարյուր մեկ թանգարան կմասնակցի մայիսի 17-ին և 18-ին անցկացվող «Թանգարանային գիշեր 2014» համաեվրոպական ակցիային, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
Հայաստանի և Արցախի 101 թանգարան կմասնակցի «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Արցախի հարյուր մեկ թանգարան կմասնակցի մայիսի 17-ին և 18-ին անցկացվող «Թանգարանային գիշեր 2014» համաեվրոպական ակցիային, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

«Նախորդ տարի ակցիայի օրը այցելուների թիվը  169 614 է կազմել, և մենք վստահ ենք, որ այս տարի այդ թիվն անհամեմատ մեծ կլինի, քանի որ  տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը այս ակցիայի նկատմամբ»,–«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա–Երևան–Թբիլիսի տեսակապի ընթացքում ասաց Արև Սամուելյանը։

Հայաստանում ակցիան անցկացվում է տասներորդ անգամ։

Սամուելյանը հայտնեց, որ միջոցառման շրջանակում մայիսի 17-ին 10։00–ից մինչև 24։00-ն և մայիսի 18-ին 10։00-ից մինչև 18։00-ն Երևանում և մարզերում, ինչպես նաև Արցախում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, խաղային մրցույթներ, գրական–երաժշտական երեկոներ, թատերական ներկայացումներ, դասախոսություններ, էքսկուրսիաներ։

 - рис.1Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի տնօրեն Արմինե Գևորգյանն իր հերթին հայտնեց, որ իրենց թանգարանը նույնպես մեծ թափով պատրաստվում է նշել այս տոնը։ Այդ օրերին թանգարանում նախատեսված է հայ նկարիչ Առնո Կուռի «Մաշտոցից մինչև Խաչատրյան» աշխատանքների ցուցահանդեսը, Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի սաների «Դիմակներ և նոտաներ» երաժշտաթատերական բեմականացումը ։ Նախատեսված է նաև դիմակների մրցույթ-ցուցահանդես՝ Արամ Խաչատրյանի երաժշտության թեմաներով, ինչպես նաև` պարի դասեր:

«Հնչյուններ և գույներ» խորագիրը կրող միջոցառումն էլ փոքրիկ այցելուների համար է նախատեսված, նրանք կարող են նկարել Արամ Խաչատրյանի երաժշտության տրամադրությամբ։

Թանգարանների միջազգային օրը, որն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 18–ին, սահմանվել է 1977 թվականին Մոսկվայում, Թանգարանների միջազգային խորհրդի 11–րդ Գերագույն համաժողովում խորհրդային պատվիրակության նախաձեռնությամբ։

«Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցությունների նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM), ՅՈՒՆԵՍԿՕ–ի և Եվրոպայի Խորհրդի  հովանու ներքո։ Հայաստանը միացել է ակցիային նույն տարում, այն ժամանակ դրան մասնակցել են ինը հայկական թանգարաններ։ Նախորդ տարի ակցիային մասնակցել են Հայաստանի և Արցախի 88 թանգարաններ։ -0-