ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլը»` անկախ հայ մասնակիցների ցույց տված արդյունքներից, հայ արտիստների համար համաշխարհային բեմ դուրս գալու հնարավորություն է, կարծում է հայտնի հայ երգչուհի Ալլա Լևոնյանը։
«Այս մրցույթում կարևորը հաղթանակը չէ։ Կարևոր է տպավորություն գործել եվրոպացի հեռուստադիտողի վրա, և ես կարծում եմ, որ Արամ MP3–ին դա փայլուն կերպով հաջողվեց»,– երկուշաբթի ասաց Լևոնյանը լրագրողներին։
Ըստ նրա, «Եվրատեսիլը» արտասահմանյան հաջողության ուղի դարձավ երգչուհի Սիրուշոյի համար, ով լայն ճանաչում ստացավ մի շարք եվրոպական երկրներում։ Նմանատիպ հաջողություն էլ Լևոնյանը տեսնում է «Եվրատեսիլ-2014»–ի հայ մասնակից Արամ MP3–ի համար։
«Արամ MP3–ի ելույթը պարզապես փայլուն եմ համարում` ինձ դուր եկավ երգը, իսկ շոուն անթերի ճաշակով էր պատրաստած։ Ելույթում կային մի քանի դրվագներ, որոնց ժամանակ մարմինս փշաքաղվում էր»,– ասաց երգչուհին։
Արամ MP3–ի ելույթը գերազանց գնահատեց նաև հայտնի հայ երաժիշտ Արտավազդ Բայաթյանը։ «Ես լսեցի «Եվրատեսիլի» եզրափակչի առաջին յոթ կատարումները, և Արամի ելույթից հետո հանգիստ պառկեցի քնելու, քանի որ վստահ էի, որ հաջողություն կունենանք»,– ասաց Բայաթյանը։
Այնուամենայնիվ, նա նշեց, որ պետք չէ «Եվրատեսիլը» դիտարկել որպես ինչ–որ մեծ նախագիծ և Հայաստանի մասնակիցների վրա մեծ բեռ կամ պատասխանատվություն դնել ելույթի արդյունքի համար։ «Այդ ճնշումը հաճախ խանգարում է արտիստին ելույթի ժամանակ»,– նշեց նա։
Բայաթյանը նշեց, որ նման մրցույթներում կարևոր է այն, թե ինչ տպավորություն գործեց երգիչը, ու դրանից է կախված նրա հետագա կարիերան։
Հայ երգիչ, հումորիստ և շոումեն Արամ MP3–ը ԵՎրատեսիլ-2014–ում զբաղեցրեց չորրորդ տեղը` ցույց տալով Հայաստանի ելույթների պատմության մեջ լավագույն արդյունքներից մեկն այդ մրցույթում։ Հաղթանակը բաժին հասավ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստին Rise like a Phoenix երգով։
Not Alone երգի երաժշտության հեղինակն ինքն Արամ MP3–ն է, իսկ տեքստի հեղինակը` նրա ընկեր, հայկական Vitamin ակումբի մասնակից Գարիկ Պապոյանը։
«Եվրատեսիլ-2014» մրցույթն անցկացվեց Կոպենհագենում։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչն անցկացվեցին Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։
Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։
2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-