ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելցի կոմպոզիտոր Աննա Սեգալն իր «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» երաժշտական ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը կհնչի ապրիլի 24–ին Երևանում, կնվիրի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Նախորդ տարի Երևան կատարած իմ այցից հետո հետաքրքիր շատ նյութեր ունեցա, մասնավորապես, Փարաջանովի թանգարանում, և սկսեցի աշխատել։ Սկզբում, երբ ես սկսեցի ստեղծել սիմֆոնիկ ստեղծագործությունը, չգիտեի, թե ինչպես անվանեմ այն։ Սակայն երբ ինձ հրավիրեցին մասնակցելու երևանյան համերգին ապրիլի 24–ին, ես որոշեցի թատերականության տարր ներմուծել ստեղծագործության մեջ և այն «կոլաժ» անվանել, քանի որ Փարաջանովը միշտ սիրել է կոլաժներ անել»,– ասաց Սեգալը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Ըստ նրա` «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին»-ը կդառնա երաժշտության, Փարաջանովի օրագրերից վերցրած հատվածների և իսրայելցի ռեժիսոր Էդուարդ Մարտիրոսյանի հոդվածների հատվածների յուրօրինակ միահյուսում։ Համերգը կուղեկցվի Արամ Հովհաննիսյանի ասմունքով։
«Իմ ստեղծագործությունը յուրօրինակ շնորհակալություն է վարպետին։ Բացի այդ, ես մոտ եմ 1915 թվականի ողբերգությանը, քանի որ ապրում եմ Իսրայելում, և այս թեման մոտ է ինձ։ Ես զգում եմ այն ցավը, որ վերապրեց հայ ժողովուրդը։ Երեկ Փարաջանովի թանգարանում ես նաև զգացի, թե ինչպես է նա տարել այդ ցավը` որպես արվեստագետ։ Հուսով եմ, որ վաղվա պրեմիերան կուրախացնի նրա ստեղծագործության բոլոր սիրահարներին»,– ասաց Սեգալը։ Կոմպոզիտորն ավելացրեց, որ ստեղծագործությունը նվիրվում է ողջ հայ ժողովրդին։
Խոսելով Հայաստանի հետ կապված իր հետագա ստեղծագործական ծրագրերի մասին` Սեգալը հայտնեց, որ ծրագրում է ներկայացնել ստեղծագործությունը նաև այլ երկրներում։
«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ներկայացնել այս նախագիծը նաև այլ երկրներում, մասնավորապես, Վրաստանում և Եվրոպայում։ Արդեն այսօր որոշ բանակցություններ եմ վարում, և ջանքեր կգործադրեմ այդ մտադրություններն իրականացնելու համար։ Բացի այդ, Իսրայելում ծրագրում եմ կրկնել «Հոգու երգեր» երաժշտական շարքի համերգը հայ ականավոր բանաստեղծ և երաժիշտ Սայաթ Նովայի բանաստեղծությունների մոտիվներով»,– ավելացրեց կոմպոզիտորը։
Սեգալը նշեց, որ չի բացառում հետագայում էլ Հայաստանի հետ կապված նախագծերի ստեղծման հավանականությունը։
Ստեղծագործությունը, որի հեղինակն Աննա Սեգալն է, կկատարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` հայտնի դիրիժոր Լիոր Շամբադալի գլխավորությամբ Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում։ Բացի Աննա Սեգալի ստեղծագործությունից, նվագախումբը կկատարի նաև Մոցարտի «Ռեքվիեմը»։
Ամբողջ հասույթը կփոխանցվի քեսաբահայերի աջակցության հիմնադրամին։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը համերգի տեղեկատվական հովանավորն է։
Աննա Սեգալը ծնվել է Դնեպրոպետրովսկում։ 2003 թ.–ից նա ընդգրկված է Իսրայելի կոմպոզիտորների ասոցիացիայում։ Սեգալը ջութակի, թավջութակի, երգչախմբի համար նախատեսված ստեղծագործությունների, սիմֆոնիկ երաժշտության, թատրոնի համար նախատեսված ստեղծագործությունների հեղինակ է։ Աննա Սեգալի ստեղծագործությունները կատարում են Իսրայելի, Կորեայի, ԱՄՆ–ի, Ուկրաինայի հայտնի երաժիշտներն ու համույթները։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-