ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 18–ին նշում է Չարչարանաց (Մեծ) Ուրբաթը։
Ստորև ներկայացվում է տեղեկանք։
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է (Մթ. 27:27-50 Մարկոս 15:1-38 Ղկ. 23:1-46 Հովհ. 19:1-34): Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, որը կոչվում է «Խավարում»։
Ավագ ուրբաթ օրվա արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի երեկոյան Խավարման կարգով։ Խավարման արարողության ժամանակ խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր և մեկ հատ մեծ՝ նրանց միջև։
Ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի՝ Գեթսեմանի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը:
Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցվում են տասներկու մոմերից երկուսը՝ յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը։ Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր միայնակ:
Որբաթ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։
Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։Այդ շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Այդ օրերին մենք ոչ միայն մասնակից ենք, այլև Նրա հետ վերապրում ենք բոլոր չարչարանքները և հոգևոր տառապանքները` վերստին իմաստավորելով կյանքի խորհուրդը: Ավագ շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Չորեքշաբթիից: --0—